Ավտոպատահարից տուժած 15 զինվորները Երեւան են տեղափոխվել

Your browser doesn’t support HTML5

Նախօրեին տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխված բոլոր 15 զինվորները այսօր տեղափոխվել են Երեւանի զինվորական հոսպիտալ: Բժիշկները հավաստիացնում են, որ նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Հինգշաբթի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի հետեւանքով պայմանագրային զինվորներից 4-ը մահացել, 15-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել էին: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության համաձայն` ըստ նախնական տվյալների` հանդիպակաց ընթացող մեքենայի լույսերի արձակման պատճառով մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է` մեքենայի վարելու կամ շահագործելու կանոնների խախտումը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձանց մահ:

Այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Երեւանի զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ Արման Հակոբյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ վերակենդանացման բաժնում գտնվում է 5 հոգի:

«Տեղափոխումը սկսվել է երեկվանից եւ նոր ավարտվեց: Հիվանդների մոտ առկա է տարբեր աստիճանի վնասվածքներ, տարբեր պաթոլոգիաներ, գերակշռում է գանգուղեղային տրավմաները` բոլորը մոտ պրակտիկապես, սակայն որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում», - հայտարարեց բժիշկը:

Զինվորներից մեկի` կրտսեր սերժանտ Արթուր Եղիազարյանի վիճակը գնահատվում է ամենածանրը: Նրա վիրահատություն արդեն ավարտվել է: Հոսպիտալ կատարած այցելության ժամանակ «Ազատություն» ռադիոկայանին հաջողվեց զրուցել վերջինիս հարազատների հետ:

«Վիրահատությունը լավ է անցել, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է», - փոխանցեցին նրանք:

Բժիշկ Հակոբյանն ասաց, որ դեռեւս վաղ է խոսել, թե ինչպես կընթանա Արթուր Եղիազարյանի ապաքինման գործընթացը: Հիվանդները, կախված նրանց վնասվածքների ծանրությունից, հոսպիտալից դուրս կգրվեն 1շաբաթից 1 ամսվա ընթացքում:

Պաշտպանության նախարարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի վարչության սպա Մերի Սարգսյանը «Ազատություն ռադիոկայանի հետ ունեցած զրույցում ասաց, որ դեռեւս ճշտվում են, թե ինչ հանգամանքներում է մեքենան գլորվել ձորը:

Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հավաստմամբ` մեքենան մոտ 2800 մետր բարձրությունից է գլորվել, սակայն անկումը մինչեւ վերջ չի եղել:

«Վայրը, որտեղ դեպքը տեղի է ունեցել, շատ բարդ վայր է, մինչեւ փորձաքննությունը չավարտվի, որոշակի պատկեր չենք կարող ունենալ», - ասաց Հովհաննիսյանը: