Վրաստանը պատրաստ է վերաբացել աբխազական երկաթուղին

Ռուս զինծառայողները վերանորոգում են աբխազական երկաթուղին, արխիվ

«Անթույլատրելի է, որ Աբխազիան տրանսպորտային ուղիներով եւ տնտեսապես կապված լինի բացառապես Ռուսաստանին», - ընդգծում է վրաց նախարարը։
Աբխազիայի տարածքով անցնող տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը լինելու է Բիձինա Իվանիշվիլիի կառավարության առաջնահերթությունների թվում: Այս մասին մոսկովյան Коммерсант-ին տված հարցազրույցում այսօր ասել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով նորանշանակ պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին:

«Առայժմ կառավարական մակարդակով այս հարցը չի քննարկվել, սակայն որոշ խորհրդակցություններ արդեն իսկ կայացել են: Իմ համոզմունքն է, որ մենք պետք է նպաստենք Աբխազիայի տարածքով թե՛ երկաթուղային եւ թե՛ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնմանը, դրա ընթացքում բացառելով ցանկացած քաղաքական բաղադրիչ` թողնելով միմիայն տնտեսականը», - նշում է Աբխազիայի եւ Հարավ Օսիայի հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող գերատեսչության ղեկավարը` հիշեցնելով նաեւ, որ աբխազական երկաթուղին վերաբացելու հնարավորությունն առկա էր դեռ 2003 թվականին:

«Այն ժամանակ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Վրաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Շեւարդնաձեն ու Պուտինը պայմանավորվեցին, որ երկաթուղու վերաբացումը կիրականացվի վրաց փախստականների Աբխազիա վերադառնալուն զուգահեռ: Ընդհանրապես, վրացական իշխանությունները միշտ շաղկապում էին այս երկու հարցերը, սակայն ի սկզբանե էլ պարզ էր, որ դա իրատեսական մոտեցում չէ: Վրաստանն այդ մոտեցմամբ ոչնչի չհասավ` որեւէ փախստական այդպես էլ չվերադաձավ Աբխազիա», - նշում է Զաքարեիշվիլին` հստակ ընդգծելով, որ այժմ վրացական նոր կառավարությունը պատրաստ է շտկել իր դիրքորոշումը:

«Միեւնույն է, աբխազական երկաթուղին շահագործվում է` բայց բացառապես դեպի Ռուսաստան: Անթույլատրելի է, որ Աբխազիան տրանսպորտային ուղիներով եւ տնտեսապես կապված լինի բացառապես Ռուսաստանին: Եթե հաղորդակցությունը բացվի նաեւ դեպի Վրաստան, դա Աբխազիայի համար այլընտրանքի առկայություն կնշանակի: Այդ երկաթուղով կարող են օգտվել բոլորը` Ռուսաստանը, Վրաստանը, Հայաստանը: Այս քայլը թույլ կտա մեծացնել Վրաստանի աշխարհքաղաքական նշանակությունը` որպես տրանսպորտային կարեւորագույն ուղու: Այդ դեպքում բեռները Վրաստանի տարածքով կսկսեն շարժվել ոչ միայն Արեւելք - Արեւմուտք, այլեւ Հյուսիս - Հարավ ուղղությամբ», - նշում է Պաատա Զաքարեիշվիլին:

Նրա խոսքով` վրացական նոր իշխանությունները համոզված են, որ երկաթուղու բացումը կնպաստի Աբխազիայի տնտեսական զարգացմանը, իսկ դրան կհետեւի վրաց փախստականների տարերային վերադարձը հայրենի օջախներ:

«Նախորդ տարիներին այդպես էր` հենց Աբխազիայում տնտեսական կացությունը բարելավվում էր, վերադարձող վրացիների քանակը սկսում էր աճել», - Коммерсант-ին տված հարցազրույցում պնդում է Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին` ամփոփելով. - «Որքան ավելի շատ տնտեսական ծրագրեր իրագործվեն Աբխազիայում` Վրաստանի մասնակցությամբ, այնքան կմեծանան հակամարտության լուծման շանսերը»: