Իշխանությունը «վիրահատական մեթոդներ» է խոստանում կոռուպցիայի դեմ պայքարում

Վարչապետ Տիգրան Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը զրուցել են երկրում կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու մասին: Այդ մասին կառավարության այսօրվա նիստի օրակարգին անցնելուց առաջ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Այն իրավիճակը, որը կոնկրետ կոռուպցիայի ոլորտում ստեղծվել է Հայաստանում, մեզ չի բավարարում: Հանրապետության նախագահը վճռական գործողություններ է պահանջում, այդ թվում` վիրահատական մեթոդների կիրառում, որպեսզի այստեղ կարողանանք այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կլինեն շոշափելի եւ տեսանելի», - ասաց վարչապետը։

Գործադիրի ղեկավարն ասաց, որ ուրբաթ օրը կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ է հրավիրել. - «Որպեսզի այս բնագավառում մենք ունենանք հաջողություն, կարծում եմ, որ անհրաժեշտ է էապես ուժեղացնել համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ», - ասաց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը կառավարության անդամներին խնդրեց ներկայացնել, թե որ հասարակական կազմակերպությունների հետ են համագործակցում գերատեսչությունները կոռուպցիայի դեմ պայքարում, որպեսզի դրանք նույնպես ներգրավվեն այդ քննարկումներին։

«Կարծում եմ, որ ճիշտ կլինի նաեւ հրավիրել ընդդիմադիր կուսակցություններին, որպեսզի նրանք մեզ հետ համագործակցեն եւ ներգրավված լինեն այս աշխատանքներում։ Պարոն Սարգսյան, ապահովեք, որպեսզի վաղը եւ՛ միջազգային կազմակերպությունները, եւ՛ հասարակական կազմակերպությունները նույնպես մասնակցեն մեր խորհրդակցությանը», - ասաց վարչապետը` դիմելով կառավարության աշխատակազմի ղեկավարին:

Ազգային Ժողովի Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության քարտուղար, պատգամավոր Աղվան Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ կառավարության նիստից անմիջապես հետո գործադիրից զանգահարել են իրենց կուսակցություն եւ խնդրել, որ Դաշնակցությունից որեւէ մեկը ներկա լինի հակակոռուպցիոն խորհրդի նիստին:

«Կմասնակցենք խորհրդի նիստին, բայց զուտ քաղաքական էթիկան պահելու տեսանկյունից: Հանրապետության վարչապետն է, հրավիրել է, կգնանք, ներկա կլինենք, բայց հակակոռուպցիոն այս խորհուրդը, որը արդեն տասը տարի է գործում է, իր արդյունավետությամբ երբեք աչքի չի ընկել, եւ մենք դրա հետ որեւէ հույսեր չենք փայփայում», - ասաց Վարդանյանը:

Դաշնակցության ներկայացուցիչը վերահաստատում է արտակարգ լիազորություններով եւ հնարավորություններով օժտված հակակոռուպցիոն գործակալություն ստեղծելու իրենց կուսակցության գաղափարը, ինչն, ըստ Աղվան Վարդանյանի, ավելի արդյունավետ կդարձնի կոռուպցիայի դեմ պայքարը:

«Ժառանգություն» կուսակցությունից խորհրդի նիստին, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով` «Ժառանգությունն» ասելիք ունի կոռուպցիայի դեմ պայքարի մասով:

«Այս իշխանությունը արդեն 15 տարուց ավելի է իշխանության գլուխն է, նկատի ունեմ Հանրապետական կուսակցությանը եւ իր կառավարությունները` տարբեր ձեւաչափերով, եւ վերջապես 2013 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին իշխանությունը հիշեց, որ կարելի է պայքարել նաեւ կոռուպցիայի դեմ: Իրականում ոչ թե հիշեց, այլ ենթադրում եմ, որ բան հասել է այն վիճակին, որ ուղղակի քայքայման եզրին են կանգնեցրել երկիրը կոռուպցիայի այս ծավալները: Ամեն դեպքում, իհարկե, դրական ենք գնահատում կոռուպցիայի դեմ պայքարի դեմ ցանկացած քայլ, թեկուզ եւ ուշացած», - ասաց Խուրշուդյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւս ստացել է հակակոռուպցիոն խորհրդի նիստին մասնակցելու հրավեր: Կուսակցության մամուլի խոսնակ, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ քննարկում են խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու հարցը:

«Ես ցանկանում եմ, որ ցանկացած բացասական երեւույթի` հանցագործության, ու հատկապես կոռուպցիայի դեմ մեր երկրում տեղի ունենա անընդմեջ, առանց որեւէ պարբերականության, առանց որեւէ պարբերականություն առաջացնող երեւույթների, դրդապատճառների, նկատառումների կամ հանգամանքների: Ես ցանկանում եմ հավատալ, որ կա նպատակաուղղվածություն այդ երեւույթի դեմն առնելու», - ասաց Ուրիխանյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն էլ հայտարարել է, որ «չի մասնակցի թատերական այս ներկայացմանը, էժանագին այս խաբեությանը եւ հավատացած է, որ դրան նույն կերպ կարձագանքեն մյուս քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները եւ միջազգային կառույցները»։ Կոնգրեսը հայտարարում է, որ կոռուպցիոն բուրգն ամբողջությամբ համընկնում է իշխանական բուրգին եւ կոռուպցիայի, ինչպես նաեւ բազմաթիվ այլ չարիքների հաղթահարման միակ ճանապարհը Հայաստանում օրինակարգ իշխանության ու սահմանադրական կարգի վերականգնումն է:

«Անհեթեթություն է, որ որեւէ համակարգ, առավել եւս կոռուպցիոն համակարգը պայքարի ինքն իր դեմ։ Իշխանությունների նախաձեռնած վերոհիշյալ միջոցառումն այլ բան չէ, քան նախընտրական շրջանում հասարակության աչքին թոզ փչելու, նրա քիչ տեղեկացված խավին ապակողմնորոշելու, շփոթի մատնելու միջոց», - ասված է քաղաքական դաշինքի հայտարարությունում:

Կառավարությունը ուրբաթօրյա նիստին մասնակցելու հրավել էր ուղարկել նաեւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին: