Նոյեմբերի 1-ի մամուլ

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է` ցանկանում է, որ նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը սատարի Սերժ Սարգսյանին, իսկ «այլ լուրջ» մրցակից նա Սարգսյանի համար չի տեսնում: Հովիկ Աբրահամյանի խնդիրն, իհարկե, այս ամենի միջնորդավճարն է: Բայց հետաքրքրականն այն է, որ Սերժ Սարգսյանը կարծես թե մտադիր է հիմնարար կերպով հրաժարվել նրա ծառայություններից, քանի որ ՀՀԿ-ն գրոհի բավական մեծ ալիք է սկսել «Բարգավաճ Հայաստան»-ի դեմ, ընդ որում` այնպիսի մի ալիք, որ Ծառուկյանին ուղղակի տեղ չի թողնում ՀՀԿ-ի հետ համագործակցելու եւ սեփական թեկնածու չառաջադրելու, որովհետեւ այստեղ արդեն թասիբի հարց է առաջանում, ինչը ԲՀԿ նախագահի համար, անշուշտ, ամենազգայուն հարցերից մեկն է: Եթե ՀՀԿ-ականների գրոհով հանդերձ` ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանին, ապա ուղղակի պարզ է, որ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլեւ ավելի ցածր` Շարմազանովին, Կարեն Ավագյանին ու Աշոտյանին է տեղի տվել»:

ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում ասում է. - «Զգացողություն կա, որ Հանրապետականից բացի գրեթե բոլոր քաղաքական ուժերը սպասում են Գագիկ Ծառուկյանի խոսքին, որպեսզի կողմնորոշվեն կամ հստակեցնեն իրենց դիրքորոշումը: Ճիշտ է նաեւ, որ վերջին կիսամյակում ԲՀԿ առաջնորդը որեւէ քաղաքական հայտարարություն չի արել, բայց ակտիվ իրենց անձնական կարծիքներն են շրջանառում ու քաղաքական մանյովրներ անում ԲՀԿ-ական տարբեր տրամաչափի գործիչներ: Երբ դեռ ԲՀԿ առաջնորդը չի հայտարարել իր որոշումը, տրամաբանական է, որ հնչող այլ կարծիքներին անդրադառնալը կամ դրանք մեկնաբանելը ավելորդ է: Ժամանակը կգա եւ պարզ կդառնա, թե ովքեր են առաջադրվել, ով ում թեկնածությունն է սատարում: Այսօր ինձ համար ծիծաղելի են ԲՀԿ-ի նկատմամբ ՀԱԿ-ի սիրահետումները, որոնք ուղղակի անհնարին էին 2007-ին կամ 2008-ին: Մինչդեռ անցած ժամանակահատվածում այս ուժերը իրենց գաղափարախոսության մեջ կամ քաղաքական ծրագրում, կարծես թե, ոչինչ չեն փոխել»:

«Ժողովուրդ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Նախագահական ընտրություններին մնացել է 3 ամիս, սակայն ԲՀԿ-ում այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել եւ ի վերջո հայտարարել, թե ով է լինելու նախագահի իրենց թեկնածուն: Ինչ խոսք յուրաքանչյուր ուժ ազատ է ընտրելու իր մարտավարությունը, սակայն երբ կես միլիոնանոց ընտրազանգվածի եւ հսկայական ազդեցության մասին պարբերաբար հիշեցնող քաղաքական ուժը ամիսներ շարունակ ոչ միայն չի կարողանում կողմնորոշվել իր` ընդդիմություն կամ իշխանություն լինելու հարցում, այլեւ մինչեւ վերջին վայրկյանը խուսափում է կայացնել նախագահի թեկնածության հարցով կարեւորագույն որոշումը, ցույց է տալիս, որ իրականում այդ ուժը ոչ միայն ներկայացվածի չափ ազդեցիկ չէ, այլեւ պարզապես անկախ չէ»:

«Հրապարակ»-ը անդրադարձել է դատաիրավական համակարգի հանդեպ նախագահի քննադատությանը. - «Երբ իշխանությունը չի աշխատում, հայհոյում ենք իշխանավորներին, թե`պարապ-սարապ ման են գալիս, միայն թալանով են զբաղված, սեփական գրպանների մասին են հոգ տանում: Բայց երբ իշխանությունն աշխատելու փորձեր է անում, դա էլ չի բավարարում մեզ: Մարդիկ ասում են` թոզ են փչում մեր աչքին, թատրոն են խաղում: Նախագահի նստավայրում տեղի ունեցած իրավապահների խորհրդակցությունը, որը հեռարձակվեց հեռուստատեսությամբ եւ ցույց տվեց, թե ինչպես է ՀՀ նախագահը վրդովված իրավապահ համակարգի աշխատանքից, ինչպես է քննադատում թերությունները, հանձնարարում շտկել սխալները, ավելի շատ զայրացրել է մարդկանց, քան ոգեւորել: Այս օրերին մենք բազում արձագանքներ ենք լսում այդ մասին: Ինչո՞ւմն է բանը: Ինչի՞ց են դժգոհ մարդիկ: մասն ասում է` նո՞ր իմացավ, որ վիճակը վատ է։ Ամեն դեպքում, հետեւություններից ոչ մեկը չի բխում երկրում իրավական համակարգ ձեւավորելու, մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ մակարդակ ապահովելու, երկրի ղեկավարի պարտականությունները լիարժեք կատարելու մտահոգություններից»։

«Հայկական ժամանակ»-ում կարդում ենք. - « ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նախօրեին ԱԺ-ում` 2013-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, թե ինքը համաձայն է այն գնահատականների հետ, ըստ որոնց` Հայաստանի տնտեսության 30-35 տոկոսը ստվերում է: Այս հայտարարությանն ի պատասխան, Հրանտ Բագրատյանը առարկեց, թե հեղինակավոր միջազգային կառույցների գնահատմամբ` Հայաստանի տնտեսության 44.6 տոկոսն է ստվերում: Երեկ պարզվեց, որ Հրանտ Բագրատյանը փոքր-ինչ սխալվել է «հօգուտ» Վաչե Գաբրիելյանի: Իրականում, ըստ «Bloomberg Businessweek» հեղինակավոր պարբերականի, ամենաթարմ տվյալներով` Հայաստանի տնտեսության կեսից ավելին` 51.7 տոկոսն է գտնվում ստվերում»: