Հայ ժողովրդի պատմության անշարժ հուշարձանները «կշարժվեն»

Այս տարվա դեկտեմբերից Երեւանի Պատմության թանգարանի Հանրապետության հրապարակին հարող տարածքում կանցկացվի «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ կցուցադրվեն հանրապետության տարբեր ծայրերից Երեւան բերված 60-ից ավելի «անշարժ» հուշարձանները:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը պարզաբանեց, որ ծրագրի հիմնական նպատակը հուշարձաններին երկրորդ կյանք տալն է, քանի որ դրանք հիմա անտերության են մատնված:

Հուշարձանները մինչ մայրաքաղաքում ցուցադրվելը հատուկ մշակման կենթարկվեն, որից հետո էլ մինչեւ 2016 թվականը կմնան Երեւանում: Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը ասաց, որ արդեն մոտ 40 հուշարձաններ տեղափոխվել են մայրաքաղաք, իսկ մյուսները կտեղափոխվեն առաջիկա օրերին: Գրիգորյանն ասում է` ի ուրախություն իրենց, կառավարությունը հաստատեց այս ծրագիրը:

«Հայ ժողովրդի պատմության անշարժ հուշարձան» ձեւակերպումը հենց ինքնին նշանակում է, որ այդ հուշարձանը չպետք է շարժվի. հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կարծիքով այն ամբողջական է, երբ գտնվում է իր տեղում: Նա նաեւ վստահ չէ, թե արդյոք պահպանվում են հուշարձանը տեղափոխելու անվտանգության կանոնները, ով է պատասխան տալու, եթե հանկարծ հուշարձանը վնասվի:

Տարիներ առաջ Փարիզում հայկական խաչքարերի ցուցահանդես անցկացվեց, այդ ժամանակ խաչքարերը ապահովագրվեցին, մինչդեռ այս ցուցահանդեսին ներկայացվելիք հուշարձանները ապահովագրված չեն: Պատմության թանգարանի տնօրենը վստահեցրեց, որ ոչ մի խնդիր տեղափոխման հետ չի ծագել, ու հավանաբար չի էլ առաջանա: Մինչդեռ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի տվյալներով, խնդիրներ եղել են: Պատգամավորը կառավարության այս որոշումը չեղյալ համարելու կոչով նամակ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին:

«Սրբավայրերից տարբեր խաչքարերի եւ հուշարձանների տեղափոխումը մեծ դժգոհություն է առաջացրել մարզերում: Օրինակմ, երեկ Ալավերդիում թույլ չեն տվել, որ խաչքարը տեղափոխեն, սակայն այն կոտրվել է, որը լուրջ խնդիր է, եւ պետք է տեսնենք, թե ով է սրա համար պատասխան տալու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց պատգամավորը:

Հուշարձանների տեղափոխումը լուրջ հարված կլինի նաեւ տուրիզմին: Պատգամավոր Էդմոն Մարուքյանը վստահ է, որ այս որոշումը հակասում է կառավարության տարածքային համաչափ զարգացմանը միտված ծրագրին:

Նախաձեռնության հեղինակների կարծիքով` անշարժ հուշարձանները Երեւան են տեղափոխվում, քանի որ այստեղ դրանք ավելի շատ մարդ կտեսնի, քան դրանց ներկայիս տեղադրման վայրերում: Ի դեպ, 2016 թվականին հուշարձանները չեն վերադարձվի իրենց բուն տեղը, ինչպես պատմության թանգարանի տնօրենը ասաց, դրանք կդրվեն մի հարմար տեղում: