«Հարսնաքար»-ի գործով առաջինը ցուցմունք կտան տուժողները

«Հարսնաքար»-ի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ դատավոր Դավիթ Հարությունյանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը, ըստ որի նախ պետք է ցուցմունք տան տուժողները:

Այս որոշումն անսպասելի էր կողմերի համար, քանի որ նախորդ դատական նիստի ժամանակ կողմերից որեւէ մեկը տուժողների հարցաքննություններից սկսելու մասին միջնորդություն չէր ներկայացրել:

Դատավոր Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ այս որոշումը բողոքարկման ենթակա չէ: Մեղադրող Արթուր Դավթյանը հայտարարեց, որ նպատակահարմար է տուժողների հարցաքննությունը սկսել Արտակ Բայադյանից։

Հիշեցնենք, որ «Հարսնաքար»֊ում հունիսի 17-ին տեղի ունեցած դեպքից հետո Արտակ Բայադյանը «Ազատություն» ռադիոկայանին, իսկ ավելի ուշ` նախաքննական մարմնին հայտնել էր, որ իրականում «Հարսնաքար» ռեստորանային համալիր այցելած ռազմական բժիշկներին ծեծողները եղել են ոչ թե 6-ը, այլ` 10-15 հոգի:

Ռազմական բժիշկներին ծեծելու, Վահե Ավետյանին մահվան հասցնելու մեջ մեղադրվող ամբաստանյալների պաշտպանները դատավարությանը մասնակցողների բնորոշմամբ բավականին անզուսպ տոնայնությամբ արձագանքեցին տուժողների հարցաքննության հեթականության վերաբերյալ մեղադրողի նախընտրությանը: Երբ մեղադրող Արթուր Դավթյանը հայտարարեց, որ տուժողների հարցաքննությունն անհրաժեշտ է սկսել Արտակ Բայադյանից, ամբաստանյալների պաշտպանները, մեկը մյուսին կրկնելով եւ լրացնելով, ընդդիմացան, որ Արտակ Բայադյանի բացակայության պատճառով դատական այսօրվա նիստը հետաձգվի եւ անհրաժեշտ համարեցին, որ այսօր ցուցմունք տան դատարան ներկայացած մյուս երկու տուժողները: Տուժողները չառարկեցին:

Ի դեպ, ամբաստանյալների հարազատները դատարանի դահլիճում շարունակում են ակտիվորեն ռեպլիկներ հնչեցնել տուժող կողմի եւ նիստը տեսաձայնագրող լրագրողների հասցեին: Դատավարությանը հետեւող դիտորդ-քաղաքացիներն անընդունելի են համարում այս իրավիճակը եւ անհրաժեշտ են համարում վերջ դնել մեղադրվող կողմի ու նրանց հարազատների նման պահվածքին:

Հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 31-ին: