ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար. «Ղարաբաղի հարցում առաջընթաց չկա»

Լեռնային Ղարաբաղի հարցում «բոլորը անհանգստացած են առաջընթացի բացակայությամբ եւ տեղերում իրավիճակի վատթարացմամբ` միայն այս տարի սպանվել է 28 մարդ»։ Այդ մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է այցով Ռուսաստանում գտնվող ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։

«Անձամբ ես կիսում եմ այդ անհանգստությունը», - հայտարարել է Զանիերը։

«Մենք շարունակում ենք սատարել Մինսկի խմբի եւ նրա համանախագահների` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ջանքերը։ Սակայն ոչ մի միջազգային ջանք չի կարող գործուն լինել, եթե երկու կողմերից չկա բանակցությունների միջոցով խաղաղ համաձայնության հասնելու քաղաքական կամք», - ռուսաստանյան գործակալությանը ասել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը` հավելելով. - «Ես դա ընդգծել եմ Նյու Յորքում համապատասխան արտգործնախարարների հետ վերջերս կայացած հանդիպումների ժամանակ»։

«Բանակցությունների էությանը վերադառնալը եւ կողմնորոշումը դեպի ապագա` տարածաշրջանում լարվածության աճը կանխելու եւ երկար սպասված անվտանգությունը ապահովելու միակ եղանակն է», - հայտարարել է Լամբերտո Զանիերը։