Թեւան Պողոսյանը կմնա եւ կաշխատի «Ժառանգություն»-ում

Թեւան Պողոսյանը Պրահայում կայացած համաժողովի ժամանակ, սեպտեմբեր, 2012թ.

«Ժառանգության» միասնական ցուցակով երկուշաբթի օրը պատգամավոր դարձած հասարակական սեկտորի ներկայացուցիչ Թեւան Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց, որ մնալու եւ աշխատելու է «Ժառանգություն» խմբակցությունում։

Ի պատասխան հարցի` մնալո՞ւ է խմբակցությունում, թե՞ հնարավոր է միանա «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, Պողոսյանը ընդգծեց. - «Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, որ ինձ հրավիրել է «Ժառանգություն»-ը։ Ես միացել եմ «Ժառանգության» առաջարկին նախընտրական շրջանում եւ այդպես էլ շարունակելու եմ իմ աշխատանքը»։

Հարցին` «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ»-ի միջեւ հակասությունների արդյունքում չե՞ն նվազել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավորությունները` որպես նախագահի հավանական թեկնածուի, պատգամավորը արձագանքեց. - «Ինձ թվում է, դեռ նախընտրական պայքարը չի սկսվել։ Իսկ նախընտրական պայքարում բնակչությունը եւ մարդիկ պետք է ընտրեն առաջարկված ծրագրից եւ իրենց վստահությունից եւ հավատքից դեպի ցանկացած քաղաքական գործչի առաջարկած ծրագիրը։ Երբ որ կսկսվի ամեն ինչը, այն ժամանակ կերեւա։ Ասել` նվազել են, թե ավելացել են՝ չգիտեմ, որովհետեւ նախընտրական ժամանակ շատ անգամ մամուլում ընթերցել եմ նաեւ գաղափարներ, որ «Ժառանգություն»-ը կորցրեց, երբ որ միացավ «Ազատ դեմոկրատներ»-ին. միգուցե սա կբերի ապագայում ավելացումների՞, եթե հավատանք այդ վերլուծություններին։ Դժվար է այս ուղղությամբ կանխատեսել, ես կանխատեսումներ չեմ ուզում անել»։

Գնահատելով Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատից հրաժարվելու քայլը, որի շնորհիվ ինքը դարձավ պատգամավոր, Պողոսյանը ասաց. - «Առաջին հերթին, ես ունեցել եմ հնարավորությունը շնորհակալություն հայտնել։ Ինքը ապացուցեց, որ իր խոստումների եւ բարձրաձայնած քաղաքականության հետեւորդն է, որտեղ փորձել է նոր դեմքեր եւ ավելի երիտասարդներին ճանապարհ տրամադրել առաջ գնալու»։

Թեւան Պողոսյանը ընդգծեց նաեւ, որ Հովհաննիսյանը հավատարիմ մնաց իր խոստմանը` փորձելով «Ժառանգություն»-ը ներկայացնել նոր ձեւով, լայն պլատֆորմով, եւ հնարավորություն ընձեռեց նաեւ քաղաքացիական հասարակության անձանց «դիմել, հնարավորություն ստանալ անցնել դեպի որոշումներ կայացնելու գործընթացը` չպարտադրելով կուսակցականացումը, ինչպես որ շատ կուսակցություններ արել են»։

Նա հավաստիացրեց, որ նախապես տեղյակ չի եղել Հովհաննիսյանի` մանդատից հրաժարվելու մտադրությանը. - «Ճիշտն ասած՝ չեմ իմացել։ Ես ուղղակի մտել եմ պայքարի մեջ, որից հետո նաեւ ասել եմ, որ շատ մեծ ուրախությամբ վերադարձել էի հին աշխատանքս շարունակելու։ Իսկ հիմա արդեն նոր աշխատանք ունեմ, նոր աշխատանք եմ անելու եւ հուսով եմ, որ ամեն օր մի նոր ձեւով մի բան սովորելով նաեւ կարող եմ իմ լավագույն մասնագիտական փորձառությունը բերել այստեղ, եւ ինչ-որ չափով Ազգային ժողովում աշխատանքները բարելավվեն, ոչ թե կորուստ ունենան»։