Մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարարի այցը Մեքսիկա

Հոկտեմբերի 22-ին Մեքսիկա այցելությամբ մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը լատինամերիկյան երկրներ:

Մեխիկոյում Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր գործընկերոջ` արտաքին հարաբերությունների քարտուղար Պատրիսիա Էսպինոսայի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարը նշել է, որ իր երկիրը Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ երկիր եւ ցանկանում է ընդլայնել գործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով Մեխիկո այցելելու հրավերի համար` Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ իր այցն ու դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները պարարտ հող կստեղծեն տարբեր բնագավառներում համագործակցությունը խթանելու համար:

Հանդիպման մասնակիցները վերահաստատել են սեպտեմբերի վերջին Նյու Յորքում կայացած իրենց հանդիպման ընթացքում արտահայտած պատրաստակամությունը` գործուն քայլեր ձեռնարկելու երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու վերաբերյալ, այդ առումով պայմանավորվածություն է ձեռք բերվել իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու մասին: Զրուցակիցները համակարծիք էին, որ Մեխիկոյում Հայաստանի դեսպանատան բացումը մեծապես կնպաստի հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Պատրիսիա Էսպինոսան մտքեր են փոխանակել տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարը տարակուսանք է հայտնել անցյալ տարի Մեքսիկայի նախորդ գումարման խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող բանաձեւերի ընդունման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ բանաձեւերը կոպտորեն հակասում են միջազգային հանրության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների կողմից, վնաս են հասցնում կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային անվտանգությանը, բացասաբար են ազդում նաեւ հայ - մեքսիկական հարաբերությունների վրա:

Նալբանդյանը նաեւ ընդգծել է, որ կիսում է մեքսիկացի մարդու իրավունքների պաշտպանների տեսակետը, որ Մեխիկոյում այսպես կոչված Խոջալուի հուշարձանի տեղադրումը վիրավորանք է ցեղասպանությունների զոհերի հիշատակի հանդեպ, համամիտ է նաեւ ոչ միայն Մեքսիկայում, այլեւ նաեւ աշխարհով մեկ հնչած արձագանքներին՝ Մեքսիկայի մայրաքաղաքում Ադրբեջանի նախկին նախագահի արձանի տեղադրման կապակցությամբ:

Պատրիսիա Էսպինոսան բացատրություններ եւ պարզաբանումներ է տվել այս կապակցությամբ՝ նշելով, որ այդ ամենը բացասական արձագանք է ստացել Մեքսիկայի հանրային կարծիքի կողմից:

Նալբանդյանն իր մեքսիկացի գործընկերոջն է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը՝ ընդգծելով, որ չնայած Հայաստանի եւ ի դեմս ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների՝ միջազգային հանրության, հարցի խաղաղ լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, Ադրբեջանի ղեկավարությունն իր ապակառուցողական, սադրիչ եւ տարրական բանականությանը հակասող քայլերով ամեն ինչ անում է բանակցությունները փակուղի մտցնելու եւ տապալելու համար:

Պատրիսիա Էսպինոսան վերահաստատել է Մեքսիկայի կառավարության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ներկայացված առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ:
Բանակցությունների օրակարգում էին նաեւ միջազգային կազմակերպություններում գործակցության սերտացմանն առնչվող հարցերը:

Հանդիպումից հետո Նալբանդյանն ու Էսպինոսան ստորագրել են «Արտգործնախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ հուշագիրը»:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը, հանդիպելով Մեքսիկայի Սենատի անդամներին, նշել է, որ այս տարի նշվում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձը, սակայն ամեն ինչ չէ, որ արվել է հարաբերությունները զարգացնելու համար, եղել են նաեւ քայլեր, որոնք վնաս են հասցրել հարաբերություններին: «Վնաս հասցրած քայլեր ասելով, ես ի նկատի ունեմ Մեքսիկայի նախորդ գումարման Սենատում եւ Պատգամավորների պալատում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւերը, որոնք հակասում են միջազգային հանրության դիրքորոշումներին եւ խրախուսում Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքն ու ագրեսիվ քայլերը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Իրենց հերթին, սենատորները, արտահայտելով Սենատի պաշտոնական տեսակետը, ընդգծել են, որ հիմնախնդրի կարգավորման միակ ճանապարհը բանակցություններն են, եւ իրենք կոչ են անում հակամարտության բոլոր կողմերին քայլեր ձեռնարկել շուտափույթ խաղաղության հաստատման նպատակով, ինչը ելնում է տարածաշրջանի եւ այնտեղ բնակվող ժողովուրդների շահերից:

Մեխիկոյում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ է հանդես եկել Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարության Դիվանագիտական ուսումնասիրությունների Մատիաս Ռոմերոյի անվան ինստիտուտում, որտեղ ներկա էին Մեխիկոյում հավատարմագրված դեսպաններ, արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ, դասախոսներ ու ուսանողներ: Ելույթին հետո նախարարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:

Նալբանդյանը ասել է. - «Կոռուպցիոն հարուստ փորձ ունենալով երկրի ներսում՝ Բաքուն փորձում է այն տեղափոխել միջպետական հարաբերությունների հարթություն, օգտագործելով այն որպես գործիք՝ սեփական թյուրընկալումներն ուրիշների վրա բարդելու նպատակով: Ցավոք, որոշ երկրներում որոշ քաղաքական գործիչներ ընկնում են Ադրբեջանի թակարդը, թուլություն են ցուցաբերում, չեն կարողանում դիմանալ Բաքվից եկող կոռուպցիոն գայթակղությունններին: Ներքին փորձից ելնելով, Ադրբեջանում տպավորություն է ստեղծվել, որ միջպետական հարաբերություններում էլ ամեն ինչ գնվում եւ վաճառվում է»:

Արձագանքելով ներկաների հնչեցրած դժգոհությանը Մեխիկոյում Ադրբեջանի նախկին նախագահի եւ այսպես կոչված Խոջալուի հուշարձանների տեղադրման կապակցությամբ` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է. - «Թե՛ Մեքսիկայում, թե՛ աշխարհով մեկ արձագանքները միանշանակ են, դրան անդրադարձել են մարդու իրավունքներով զբաղվող փորձագետներ, առաջատար լրատվամիջոցներ. CNN, BBC, Associated Press, Reuters, Agence France Press, Time, New York Times, Los Angeles Times, The Washington Post: Այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել, կարող եմ ասել, որ համակարծիք եմ արտահայտված տեսակետներին: Ադրբեջանի նախկին ղեկավարի հուշարձանի ցուցանակը ավետում է, որ ԿԳԲ-ի նախկին պետը միջազգային խաղաղությանը նվիրվածության փայլուն օրինակ է, ով առաջնորդել է Ադրբեջանը դեպի ժողովրդավարություն: Պատկերը ճշմարտությանը համապատասխանեցնելու նպատակով ճիշտ կլիներ ավելացնել, որ մարդու իրավունքների տարբեր կառույցների կողմից այդ երկիրը դասվել է աշխարհի ամենակոռումպացված եւ հակաժողովրդավարական երկրների շարքում, որ այդ երկիրը դարձել է ուժի կիրառման սպառնալիքների եւ պատերազմ հրահրելու աշխարհի չեմպիոն»:

Հայաստանի արտգործնախարարը նաեւ մամլո ասուլիսով է հանդես եկել Մեքսիկայի առաջատար լրատվամիջոցների առջեւ: