Հովհաննես Սահակյան. Կարեն Ավագյանին պետք չէ ներքաշել «փուչիկների գործի մեջ»

Your browser doesn’t support HTML5

Ֆեյսբուքյան ասուլիս. Հովհաննես Սահակյան

«Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրը այս ուրբաթ Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն էր:

Օգտատերերից մեկը Սահակյանին հարցրել էր, թե ինչպե՞ս է վերաբերում Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործին: «Որքան տեղյակ եմ, դուք նախկինում եղել եք նրա տեղակալը, Ձեզ հետ չեն կիսվե՞լ այդ գումարներից», - հարցրել է օգտատերը: «Նույն սերունդն եք, մտերիմ էիք ժամանակին Խաչիկյանի հետ, այդ ո՞նց Դուք հարմար տեղավորվեցիք, իսկ Խաչիկյանին ՀՀԿ-ն բերեց, ՀՀԿ-ն էլ կորցրեց», - հարցրել էր մեկ այլ օգտատեր:

«Ես երբեւէ որեւէ տեղ հարմար չեմ տեղավորվել, ես մի փոքր ավելի ոչ հանդուրժող եմ: Խաչիկյանին կբնութագրեմ որպես ընկեր, որպես դրական կերպար, մի փոքր ոչ հետեւողական կամ անփույթ մարդ կբնութագրեմ, բայց իսկապես այս տարիներին ես աշխատել եմ եւ աշխատել եմ պատվով», - պատասխանեց Սահակյանը:

Մեկ այլ օգտատեր հարցրել էր, թե ՀՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններում կրկին զբաղվելո՞ւ է ընտրակեղծիքներով` ասելով, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսը ցանկանում է գործող նախագահի հրաժարականը:

«Որեւէ ընտրակաշառք, որեւէ ընտրախախտում չի եղել: Այո, մենք վստահ ենք, որ նախագահական ընտրություններում մենք ունենալու ենք ազատ, արդար ընտրություններ», - ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

«Փուչիկների պայթյունի գործով հասարակությունը մեղադրում է ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Կարեն Ավագյանին: Դուք ի՞նչ կարծիքի եք, չեք կարծում, որ քաղցկեղով հիվանդ Բոզոյանին մեկ տարի նստացնելով եւ նրա թոքաբորբով հիվանդ ինը տարեկան երեխային միառժամանակ անհայր թողնելով` որեւէ մեկի վրայից չի մաքրվում այդ պատասխանատվությունը», - հարցրել էր մեկ այլ օգտատեր:

Այս եւ նման այլ հարցերի պատասխանելով` Սահակյանն ասաց, որ Կարեն Ավագյանին պետք չէ ներքաշել այս թեմայի մեջ:

«Չեմ կարծում, որ այստեղ խնդիր կա Կարեն Ավագյանին ներքաշելու այս գործի մեջ: Որպես իրավաբան` պետք է ասեմ, որ եթե կա հանցակազմ, հանցակազմի մեջ կան տարրեր եւ սուբյեկտներ, որոնք պետք է պատժվեին, ապա պետք է իրենց պատիժը կրեին` լինի հանրապետական, թե ոչ հանրապետական: Կա անձ, որը տրամադրել է այդ փուչիկները եւ որին մեղադրանք է առաջադրվել: Փորձել փնտրել Կարեն Ավագյանին, այլ մարդկանց անուններ տալ, դա մի փոքր դաշտը հետաքրքիր դարձնելու խնդիր է», - ասաց նա:

Օգտատերերից մեկն էլ հետաքրքրվել էր, թե «ՀՀԿ-ն ինչո՞ւ է ընկել նախկին ԲՀԿ-ական նախարարների հետեւից». - «Ուզո՞ւմ եք այնպես անել, որ Ծառուկյանը սատարի նախագահին, նո՞ր հանգիստ թողնեք նրանց»:

Պատասխանելով այս հարցին` Սահակյանն ասաց, թե ՀՀԿ-ն ոչ ոքի հետեւից չի ընկել:

«Եթե ԲՀԿ-ն կազմել է կոալիցիայի մաս, որոշակի ոլորտների պատասխանատվությունը իր վրա է վերցրել, եւ եթե եղել են չարաշահումներ, անկախ նրանից հանրապետական է, թե ԲՀԿ-ական, կամ այլ քաղաքական ուժ, ապա պարտավոր են պատասխանատվություն կրել», - ասաց Սահակյանը` խորհուրդ տալով չփորձել քաղաքականացնել այդ գործընթացը: