Հոկտեմբերի 17-ի մամուլ

Քննության առնելով իրողությունը, որ քաղաքական ուժերը չեն շտապում արդեն այսօր հայտարարել նախագահի իրենց թեկնածուի անունը` «Առավոտ»-ի խմբագիրը մասնավորեցնում է. - «Մեր քաղաքական ուժերը, իմ կարծիքով, սխալ պատկերացում ունեն, այսպես ասած, «թայմինգի» մասին: Եթե չկա 100 տոկոսանոց վստահություն, որ նախագահի թեկնածու է դառնալու հենց կուսակցության առաջնորդը, ապա ոչ թե հիմա, այլ ընտրություններից գոնե մի տարի առաջ պետք է աշխատել նաեւ պահեստային տարբերակի վրա: Ենթադրենք, Տեր-Պետրոսյանը վստահ չէ, որ նա առաջադրվելու է, այդ դեպքում նա իր շրջապատից պետք է առանձնացներ մեկին, որին այս տարվա սկզբից հարկավոր էր «ռասկրուտկա» անել՝ համոզելով հասարակությանը եւ զինակիցներին, որ հենց նա է նախընտրելի իրավահաջորդը: Մեզ մոտ դա ոչ ոք չի անում: Ճիշտ է, ԲՀԿ-ի դեպքում «օգնության հասավ» իշխանությունը՝ «առաջ քաշելով» Վարդան Օսկանյանին»:

«Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը գրում է. - «Բոլորն այսօր քննարկում են հարցը` թույլ կտա՞ն ԲՀԿ-ին մասնակցել նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով, թե՞ ոչ։ Մինչդեռ, օրինակ, իմ սուբյեկտիվ կարծիքով, ԲՀԿ-ն իրականում սարսափում է ընտրություններին ինքնուրույն մասնակցության հեռանկարից։ Նման երջանկություն նրան բացարձակապես պետք չէ, եւ այն, ինչ այսօր արվում է կուսակցության ղեկավարության կողմից, ընդամենը պիար է»։

«Ժամանակ»-ը ուշադրություն է հրավիրում մի կողմից Սերժ Սարգսյանի Ռումինիա կատարած այցի, մնուս կողմից` Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի մոսկովյան այցի վրա. - «Կարելի է չկասկածել, որ Սերժ Սարգսյանը Բուխարեստում այսօր եվրոպացիների ականջները կշոյի եվրաինտեգրացիայի անհագ ծարավի մասին իր հերթական ելույթով` փորձելով ներկայանալ որպես 21-րդ դարի մեծագույն բարեփոխիչ: Իսկ այդ ընթացքում Հայաստանի ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը Մոսկվայում է եւ հանդիպումներ է ունենում տեղի իշխանության, նաեւ ՀԱՊԿ-ի ղեկավարության հետ: Ինչո՞ւ կամ ինչպե՞ս են հավատում Արեւմուտքը կամ Ռուսաստանը այդ երկակի խաղին, որ արդեն տարիներ շարունակ վարում է Հայաստանի իշխանությունը` փորձելով այդ միջոցով արտաքին հովանավորներ գտնել իր պարբերական վերարտադրության համար: Իսկ ո՞վ ասաց, որ հավատում են: Որեւէ մեկը թող չկասկածի, որ թե՛ Արեւմուտքում, թե՛ Ռուսաստանում չեն հավատում Հայաստանի իշխանության երդումներին: Եվ այդ իշխանության հաջողությունն իրականում նրանում է, որ երկուստեք չեն հավատում այդ երդումներին: Եթե հանկարծ որեւէ մեկը հավատաց, դա կարող է Հայաստանի իշխանության վրա շատ թանկ նստել, բայց ոչ ոք չի հավատում Հայաստանի երդումներին: Դրա համար էլ Արեւմուտքն էլ, Ռուսաստանն էլ աստիճանաբար ուժեղացնում են ճնշումը Հայաստանի վրա: Նրանք ունեն, բնականաբար, ճնշման տարբեր լծակներ, տարբեր մեթոդներ, ունեն գործունեության տարբեր ավանդույթներ, բայց ճնշումն ակնհայտորեն երկուստեք մեծանում է»:

«Հրապարակ» թերթը զրուցել է Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ: «Վերջերս հանրապետության նախագահը խիստ գնահատականներ հնչեցրեց մի քանի, այդ թվում եւ Ձեր նախարարության գործունեության վերաբերյալ: Ազգաբնակչության մոտ 1/3-ը դժգոհ է առողջապահության համակարգից». լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան` նախարարը նշում է. - «Նախագահի դիտարկումն անառարկելիորեն ընդունելի է, եւ մեր խնդիրը, թերությունների վերացմանը զուգահեռ, դրանց ծնող պատճառների վերհանումն է, հասկանալը»: Հարց. - «Ո՞ւր եք հասել: Եթե հասցրել եք դասդասել, հավանաբար կարող եք նաեւ ասել, թե որքան ժամանակ է անհրաժեշտ աղաղակող թերությունների վերացման համար»: Պատասխան. - «Տարիների կուտակված խնդիրները 1-2 ամսում հնարավոր չէ վերացնել: Կարգավորման համար ժամանակ է պետք: Այս պահի դրությամբ զբաղված ենք եւ շուտով կավարտենք թերությունների տեսակավորման գործընթացը, այնուհետեւ կանցնենք կանոնակարգման խնդիրներին: Մեր թեժ գծի վերլուծությունների արդյունքում բացթողումների մի այնպիսի ծավալ է գոյացել, որ շատ արագ կարելի է վերացնել»: Հարց. - «Դժգոհություններն ավելի շատ մարզերի՞ց են, թե՞ մայրաքաղաքից»: Պատասխան. - «Չեմ կարծում, որ առանձնացումն ինչ-որ բան կտա: Ի մտահոգություն մեզ` դրանք միշտ են եղել, եղել են բուժսպասարկման, դեղորայքների ձեռքբերման, անհարկի գումարների գանձման եւ այլ բնույթի: Ցավալի է, որ նվազեցման միտումներ չեն զգացվել, ընդհակառակը, տարեցտարի ավելացել են»: