Գյումրիում շահագործման հանձնվեց 1756 բնակարան

Այսօր Գյումրիի Մուշ-2 եւ Անի թաղամասերում երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ շահագործման հանձնվեցին նորակառույց 1756 բնակարաններ:

1056 անօթեւան ընտանիքներ բնակարանամուտ էին տոնել 2 տարի առաջ: Ընդհանուր առմամբ, այսպիսով, կառուցվել է 2012 բնակարան: Կառուցվում է եւս 400-ը:

Անօթեւանների ցուցակում, սակայն, միայն Գյուրիում հաշվառված է 4200 ընտանիք: Հիշեցնենք նաեւ, որ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստման համաձայն, 2013 թվականին պետք է վերջնականապես լուծվի աղետի գոտում անօթեւան ընտանիքների խնդիրը:

24 տարի բնակարանի սպասած գյումրեցիների բնակարանամուտը նախ շնորհավորեց նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը` ասելով. - «Այսօր մեզ համար պատմական օր է»:

«Մենք հասկանում ենք, որ մինչեւ հիմա արվածը դեռ բավարար չէ: Ուստի կառավարությունն այս ծրագրին լրացուցիչ միջոցներ է հատկացրել, որով կլուծվի 600 ընտանիքի բնակապահովման խնդիր», - ասաց Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:

Նորակառույց բնակարաններից մի քանիսը դիտելուց հետո երկրի նախագահը զրուցեց հավաքվածների հետ, լսեց նրանց բողոքները: