Ռուսաստանում վերստին նահանգապետերի ուղիղ ընտրություններ անցկացվեցին

Նախօրեին Ռուսաստանի 83 վարչատարածքային միավորներից 77-ում անց են կացվել ինքնակառավարման մարմինների, այդ թվում՝ հինգ նահանգապետերի ընտրություններ։
Բեսլանի արյունալի ողբերգությունից հետո՝ 2004 թվականին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մի շարք խոշոր բարեփոխումներ, որոնցից ամենաէականը նահանգապետերի ուղիղ ընտրություններից հրաժարվելու դրույթն էր։ Դրա անհրաժեշտությունը Պուտինը բացատրել է ահաբեկչության դեմ պայքարում իշխանության համակարգը առավել արդյունավետ դարձնելու հրամայականով։

Սակայն անցյալ տարվա դեկտեմբերի Պետական դումայի ընտրություններից հետո Դաշնության տարածքում ծավալվել էին բողոքի ակցիաներ։ Բնակչության դժգոհությունը զսպելու համար Կրեմլը որոշեց վերականգնել նահանգապետերի ընտրության համակարգը։ Համապատասխան օրինագիծը, որը օրենսդիրներին էր ներկայացրել նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այս տարվա հունվարին, ուժի մեջ է մտել այս մայիսի 2-ին։

Դրա համաձայն, Դաշնության սուբյեկտի ղեկավարի թեկնածուն կարող է առաջադրվել կուսակցությունների կողմից, ընդ որում պարտադիր չէ, որ ինքը թեկնածուն կուսակցական լինի։ Բացի այդ, թեկնածուն կարող է նաեւ ինքնաառաջադրվել։ Ըստ օրենքի, նահանգապետը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ զբաղեցնել պաշտոնը։

Ուշադրության կենտրոնում են Ամուրը, Բրյանսկը, Նովգորոդը, Բելգորոդը եւ Ռյազանը, որտեղ բնակիչները նահանգապետեր են ընտրում։

Ենթադրվում է, որ այդ հինգ շրջաններում կհաղթեն գործող նահանգապետերը` բոլորը իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից, ովքեր, բնականաբար, ունեն Կրեմլի աջակցությունը։

«Եդինայա Ռոսիա»-ն, ամենայն, հավանականությամբ, մեծ ներկայություն կապահովի նաեւ տեղական օրենսդիր մարմիններում։ Թերեւս, այն, ինչի մասին երեկ հաղորդվեց Սախալինից, կկրկնվի նաեւ մնացած մարզերում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնյա Լեոնիդ Իվլեւը երեկ ասաց, որ Սախալինում քվեների 91 տոկոսի ամփոփման արդյունքների համաձայն, «Եդինայա Ռոսիա»-ն հավաքել է քվեների 48.95 տոկոսը, կոմունիստական կուսակցությունը` 18.25, երրորդ տեղում էլ լիբերալ-դեմոկրատներն են։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հոկտեմբերի 14-ի ընտրությունները` այս տարվա նախագահական եւ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ, անցել են առավել քաղաքակիրթ եւ հանգիստ մթնոլորտում։

Մինչդեռ, երեկ երեկոյան բազմաթիվ հաղորդագրություններ են ստացվել Ռյազանում տեղի ունեցած խախտումների մասին։