Հաշմանդամություն ունեցող մարդիկ պահանջում են քաղաքի մատչելիություն

Your browser doesn’t support HTML5

Հաշմանդամություն ունեցող անձինք ուրբաթ օրը նամակներ հանձնեցին Երեւանի քաղաքապետարան՝ քաղաքն ավելի մատչելի դարձնելու պահանջով: Նրանք երթով Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի Երեւանի քաղաքապետարան՝ Հայաստանում բնակվող հաշմանդամների մասին պատմող թռուցիկներ եւ պաստառներ ձեռքներին:

«Հույսի Կամուրջ» կազմակերպության հաշմանդամություն ունեցող մարդկանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը նշեց, որ Երեւանում կառուցվում են տարբեր շինություններ, որոնց նախագծման ժամանակ հաշվի չի առնվում հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքները: Նրա խոսքով` Երեւանի տարբեր քաղաքապետներին դիմել են իրենց առաջարկներով, բայց խոստումների մեծ մասը չի իրականացվել:

«Տրանսպորտը ամենամեծ խնդիրներից է, շենքերի մատչելիությունը՝ թեքահարթակների բացակայությունը, ձայնային լուսակիրները կույր մարդկանց համար, շենքերի մուտքի մոտ բրայլյան համակարգով վահանակների տեղադրումը, որ մարդիկ իմանան, թե ինչ հասցեում են գտնվում», - թվարկեց Բաթոյանը:

Հարցին, թե արդյոք հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հասանելի կլինե՞ն կիրակի օրը կայանալիք Էրեբունի-Երեւանի տոնակատարության ժամանակ նախատեսված միջոցառումները, քաղաքապետարանից արձագանքել էին, թե նման հայտ իրենց չի ներկայացվել:

«Ինչո՞ւ պիտի հայտ ներկայացնեմ իմ քաղաքի տոնակատարությանը մասնակցելու համար», - ասաց Զարուհի Բաթոյանը:

Իսկ հաշմանդամություն ունեցող Արմանը հավելեց, որ ամեն օր 180.000 հաշմանդամ մարդ դուրս գալիս մեր քաղաք, ինչպես նաեւ մարզերի փողոցներ, եւ նրանց համար պետք է հարմարավետ պայմաններ ստեղծվեն:

Երթի մասնակիցները նամակները հանձնեցին քաղաքապետարանի աշխատակիցներին, ովքեր խոստացան դրանք փոխանցել քաղաքապետին: