Վախճանվել է Երուսաղեմի Հայոց պատրիարքը

Այսօր առավոտյան վախճանվել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը։

Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը 93 տարեկան էր։ Նա Երուսաղեմի Հայոց պատրիարք էր ընտրվել 1990 թվականին։

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն առաջինի վախճանից հետո Թորգոմ արքեպիսկոպոսը 1994-95 թվականներին` մինչեւ Ամենայն Հայոց Գարեգին առաջին կաթողիկոսի ընտրությունը, եղել է կաթողիկոսական տեղապահ։

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգեւոր խորհուրդը եւ Հայ Եկեղեցու ողջ եկեղեցական դասը սգում են բազմավաստակ Պատրիարք Սրբազան Հոր մահը` աղոթելով, որ Տերը Սուրբ Հոգու մխիթարությունը պարգեւի հավատավոր մեր ժողովրդին եւ Իր խնամքի եւ օրհնության ներքո պահի Երուսաղեմի Հայոց Պատրիարքական Աթոռը եւ նրա զինվորյալ միաբանությունը», - ասված է Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի այսօր տարածած հաղորդագրությունում։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը փոխանցում է նաեւ, որ հոկտեմբերի 14-ին` Սուրբ Պատարագի ավարտին, Մայր Տաճարում կկատարվի հոգեհանգստյան արարողություն` Թորգոմ պատրիարքի հոգու խաղաղության համար:


Արտյոմ Չերնոմորյան, Երուսաղեմ