Հոկտեմբերի 12-ի մամուլ

Ամփոփելով ներքաղաքական վերջին զարգացումները` «Ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանի ներքաղաքական թոհուբոհում հաճախ է մոռացվում, որ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը մեկուկես տարի առաջ ստորագրեցին մի հուշագիր, որով պարտավորվեցին կամ պայմանավորվեցին նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահին: Հանրապետական կուսակցությունը նախօրեին այդ մասին հիշեցրեց «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ նաեւ նշելով, որ Ծառուկյանը դեռ որեւէ կերպ չի հրաժարվել այդ կոալիցիոն հուշագրից: Այս պահն իսկապես հետաքրքիր է: Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չի հայտարարում հուշագրի գործունեությունը դադարեցնելու, իր ստորագրությունը չեղյալ հայտարարելու մասին: Ըստ էության, նա կարծես թե ունի դրա քաղաքական հիմքերը՝ փոխվել է ահագին բան, տեղի են ունեցել ահագին փոփոխություններ, եւ միայն հենց Վարդան Օսկանյանի պարագան բավարար է, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարի այդ մասին: Բայց Ծառուկյանը ոչ մի խոսք չի ասում հուշագրի չեղյալ լինելու վերաբերյալ: Ինչո՞ւ: Գագիկ Ծառուկյանի համար կոալիցիոն հուշագիրը երեւի թե ապահովագրության, յուրօրինակ քաղաքական ԱՊՊԱ-ի պես մի բան է. երբ այլեւս ոչինչ չմնա անելու՝ հուշագիրը կա ու կա, եւ Ծառուկյանը կարող է վերադառնալ այնտեղ: Իսկ ահա հայտարարելով, որ իր ստորագրությունը հետ է վերցնում՝ ԲՀԿ առաջնորդը ներքաղաքական բարդ հանգույցներում կարող է փակել իր ճանապարհներից մեկը, իսկ գուցե նաեւ՝ որպես հետդարձի ճանապարհ՝ միակը»:

«Օրակարգ» թերթի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, գնահատելով Վարդան Օսկանյանի շուրջ զարգացումները, նկատում է. - «Ազգային ժողովի կողմից պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելը, ճիշտ է, համարվում է իրավական գործընթացի մաս, բայց դա միշտ ունի քաղաքական էլեմենտ: Այսինքն` ԱԺ պատգամավորներին տրված է քաղաքական ազատություն` որոշելու` իրենք արժանահավատ համարո՞ւմ են այդ իրավական հիմնավորումները, որոնք ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը, թե՞ ոչ: Ես ասում եմ, որ իրենք կարող են իրենց խղճի մտոք քվեարկելիս, իհարկե, առաջնորդվել իրավական սկզբունքներով, բայց ակնհայտ է, որ պատգամավորների կողմից քվեարկության ժամանակ կարող են լինել նաեւ քաղաքական դրդապատճառներ: Եվ ասել, որ սա միայն իրավական գործընթաց է, ես դրան` որպես մարդ եւ մասնագետ, անկեղծորեն չեմ հավատում»:

«Առավոտ»-ի խմբագիրն արձագանքում է Գյումրիի նոր քաղաքապետի պաշտոնակալման արարողությանը. - «Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը երեկ՝ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի «թագադրման» արարողության ժամանակ, ասաց՝ թող վրացիները գլուխ չգովեն, որ իրենք առաջինն են իշխանությունը խաղաղ, ընտրությունների միջոցով փոխանցում, իրականում առաջին անգամ դա տեղի է ունեցել Գյումրիում: Ցավոք սրտի, պարոն Գիզիրյանը սխալվում է. պարզապես նախորդ քաղաքապետն իր էքսցենտրիկ բնավորությամբ եւ քրեական հակումներ ունեցող զավակով սկսել է ազդել «նաչալստվայի» նյարդերին, որը եւ որոշեց փոխարինել նրան ավելի հավասարակշռված անձնավորությամբ: Դա իշխանության խաղաղ փոխանցում չէ: Բայց նույնիսկ այս պարագայում ես պատկերացնում եմ որոշ արարողակարգ, որը նախկին եւ ներկա քաղաքապետերը պետք է հարգեին: Սամվել Բալասանյանը եւ Աշոտ Գիզիրյանը պետք է ներկա լինեին Գյումրիի տոնին եւ միջոցառման ժամանակ կանգնեին Վարդան Ղուկասյանի կողքին՝ ինչպիսին էլ նա լիներ: Վարդան Ղուկասյանը պետք է ներկա գտնվեր Բալասանյանի «օծման» արարողությանը եւ շնորհավորեր նրան՝ անկախ նրանից, թե ինչպես է նոր քաղաքապետին վերաբերվում: Ոմանց դա գուցե ձեւականություն եւ դերասանություն թվա: Բայց հենց նման «ձեւականություններն» են, որ տարեցտարի կրկնվելով՝ դառնում են մշակույթ»:

«Հայոց Աշխարհ» թերթի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեկնաբանում է «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ»-ի միջեւ առաջացած հակասությունների մասին պնդումները: Լրագրողի դիտարկմանը, թե «լրատվական եւ քաղաքական շրջանակներում գերակայող կարծիքն այն է, որ ձեր եւ «Ազատ դեմոկրատների» հարաբերությունները վերջնականապես մտել են փակուղի», Մարտիրոսյանն արձագանքում է. - «Կուսակցությունների միջեւ որեւէ խնդիր չկա։ Ինչպես տեսաք, ոչ մեկը՝ ո՛չ «Ժառանգությունից», ո՛չ «Ազատ դեմոկրատներից», մյուսի հասցեին որեւէ վատ բառ չասաց, վիրավորական արտահայտություն չարեց։ Պարոն Արզումանյանը դեռ մինչեւ Հովհաննիսյան-Քոքոբելյան հանդիպումը բավականին հստակ պարզաբանումներ տվեց, այնպես որ պետք չէ մութ սենյակում կատու փնտրել»։