Օսկանյանը չի բացառում իր թեկնածության առաջադրումը

Վարդան Օսկանյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հարցազրույց է տվել «ՍիվիլՆեթ»-ին, որում անդրադարձել է ինչպես փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործում իրեն որպես մեղադրյալ ներգրավելուն, այնպես էլ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցության ձեւաչափին:

Պատասխանելով նախագահական ընտրություններին իր հնարավոր առաջադրման մասին հարցին` Օսկանյանը ասել է, թե ԲՀԿ-ն ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու վերաբերյալ դեռ պաշտոնական որոշում չի ընդունել:

«Այն, ինչ ասելու եմ, իմ անձնական կարծիքն է: Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն այսօր Հայաստանում ծանրակշիռ եւ մեծ հեղինակություն ունեցող կուսակցություն է, եւ ժողովուրդը նրանից մեծ ակնկալիքներ ունի, ես կարծում եմ, որ նա մինաշանակորեն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով: Բնական է, որ առաջին հերթին այդ թեկնածուն պետք է լինի կուսակցության առաջնորդը` Գագիկ Ծառուկյանը: Սակայն, եթե պարոն Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել, եւ կուսակցությունը կանգնի իմ թեկնածության վրա, ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը», - ասել է Օսկանյանը:

Հարցին, թե այդ պարագայում չեն մեծանա՞ ճնշումներ իր եւ Գագիկ Ծառուկյանի, ընդհանրապես ԲՀԿ-ի նկատմամբ, Օսկանյանը պատասխանել է. - «Հարցին պետք է նայել երկրի շահերի տեսանկյունից: ԲՀԿ-ի մասնակցությունից միմիայն կշահի Հայաստանը, մեր ժողովրդավարությունը, ժողովուրդն իսկական այլընտրանք կունենա, եւ միջազգային հանրությունը մեզ կվերաբերվի որպես ժողովրդավարության իսկական ճանապարհ բռնած երկրի»:

Անցյալ շաբաթ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Օսկանյանը, ով այսօր մեղադրյալի կարգավիճակով հրավիրվել էր ԱԱԾ, կրկին հայտարարել է, որ փողերի լվացման հատկանիշներով հարուցած քրեական գործը քաղաքական պատվեր է:

«Մեր քրեական օրենսդրության հիմքում դրված է անմեղության կանխավարկածը, որը եւ ենթադրում է, որ օրենսդիրները մեղադրանքի կապակցությամբ դատախազից պետք է պահանջեին իրենց մտքում որեւէ կասկած չթողնող ապացույցներ եւ նոր միայն համաձայնեին ինձ անձեռնմխելիությունից զրկել: Դա տեղի չունեցավ, որովհետեւ ակնհայտորեն իջեցվել էր քաղաքական պատվեր», - ասել է նա: