ԵԴ-ում հաղթած ընդդիմադիրը պահանջում է պատժել իրեն դաժանորեն խոշտանգած ոստիկաններին

Գրիշա Վիրաբյան, արխիվային լուսանկար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նախօրեին հաղթած ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանը Հայաստանի իշխանություններից պահանջում է պատասխանատվության ենթարկել իրեն դաժանորեն խոշտանգած ոստիկաններին եւ գործին ընթացք չտված դատավորներին:

Եվրադատարանը Հայաստանին պարտավորեցրել է 31 հազար եվրոյին համարժեք փոխհատուցում վճարել Հայաստանի ժողովրդական կուսակցության նախկին համակիր Վիրաբյանին, ում նկատմամբ հետապնդումը սկսվել էր Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջով` 2004-ի գարնանը ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու ժամանակահատվածում: 6000 եվրո պետությունը պետք է ընդդիմադիրին փոխհատուցի դատական ծախսերի համար, 25 հազար եվրո` որպես բարոյական փոխհատուցում նրան խոշտանգումների ենթարկելու, արդար դատաքննության իրավունքը ոտնահարելու եւ Վիրաբյանի նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու համար: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Վիրաբյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:

Վիրաբյանը, ով քաղաքական ապաստան է ստացել եւ այժմ բնակվում է արտերկրում, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց, որ վատ է զգում իր երկրի դեմ կայացված այս վճռի համար:

«Ինչքան որ վատ եմ զգում, որ ես իմ երկրին եմ հաղթել, նույնքան վատ եմ զգում, որ այդ ամենը դեռ կշարունակվի երկրում… Ես դիմեցի ծայրահեղ քայլի, որովհետեւ Հայաստանի դատական բոլոր ատյաններում արհամարհվեց իմ գործը, դեռ ավելին` փորձում էին ինձ մեղավոր հանել», - ասաց Վիրաբյանը:

Վիրաբյանի գործը ուշագրավ է նրանով, որ չնայած նրան 2004-ի ապրիլի 23-ին դաժան ծեծի են ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժանմունքում, ինչի հետեւանքով Վիրաբյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, ենթարկվել վիրահատության եւ կորցրել օրգաններից մեկը, այնուհանդերձ, նրան ծեծած ոստիկաններից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Հակառակը` նրան իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանք են առաջադրել: 2004-ի ապրիլյան հայտնի հանրահավաքների ժամանակ իր հետապնդումը ընդդիմադիրը մշտապես համարել է քաղաքական պատվեր` Արտաշատից Երեւան ցուցարարների խմբեր տանելու համար:

«Քանի որ այդ շրջանում մոտ 2500 մարդ էին ձերբակալել, ոստիկանությունից իմ ընկերներն ինձ զգուշացրել էին, որ ինձ բռնելու են, ես երկու ամիս Արտաշատ չէի գնում», - պատմեց Վիրաբյանը:

Ընդդիմադիրը բերման էր ենթարկվել ապրիլի 23-ին ինչ-որ գործերով Արտաշատ գնալուն պես: Ոստիկանությունում նրան հորդորել են դադարեցնել հանրահավաքներին մասնակցությունը, այնուհետեւ սկսել են խոշտանգել:

«Տեսան, որ պրովոկացիայի չեմ գնում, այդ ժամանակ մտավ քրեականի պետը, առանց որեւէ բառ ասելու հայհոյեց, ես նստած էի, ոտքով խփեց կողքիս, էդ ժամանակ ես իրեն խփեցի: 5-6 հոգով հարձակվեցին վրաս, հետո կանչեցին Աշոտ Կարապետյանին` մարզային վարչությունից, որ եկավ, տեսավ, որ ես ծանր վիճակում եմ, բայց խփեց, ես իրեն էլ պատասխանեցի: Կարգադրեց ձեռնաշղթա հագցնել ու սկսեցին խոշտանգել: Այլանդակ պատկեր էր… անընդհատ կոշիկով, ոտքերով գոտկատեղիցս ներքեւ էր խփում, թույլ չէր տալիս պաշտպանվել, ձեռքը երկաթի կտոր կար, էդ երկաթով էլ էր խփում, վիճակս ծանր էր, բայց ոչ ոք դա հաշվի չէր առնում», - վերհիշում է Վիրաբյանը:

Հինգ ժամ ծեծելուց հետո ընդդիմադիրին գցել են մեկուսարան, իսկ ապրիլի 24-ին շտապ օգնության մեքենայով տարել հիվանդանոց, որտեղ բժիշկները Գրիշա Վիրաբյանին վիրահատել են` հեռացնելով կենսականորեն կարեւոր օրգաններից մեկը:

Ընդդիմադիրն ընդգծում է, որ իրեն ծեծի ենթարկած բարձրաստիճան ոստիկանները պատժվելու փոխարեն պաշտոնեական առաջխաղացում են ունեցել եւ ներկայում բարձր պաշտոններ են զբաղեցնում ոստիկանության համակարգում: Փոխարենը իրեն են մեղադրանք առաջադրել ոստիկանի դեմքին հեռախոսի լիցքավորիչով հարվածելու համար, հետո ամիսներ անց կարճել են գործը ոչ թե հանցակազմի բացակայության հիմքով, այլ իր առողջական վիճակը պատճառաբանելով: Քննչական մարմնին, բոլոր դատական ատյաններին բողոքներին եւ իրեն խոշտանգած իրավապահների դեմ գործ հարուցելու պահանջներին ընթացք չի տրվել, ինչը ԵԴ-ն արձանագրել է իր վճռում:

Վիրաբյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը, աննախադեպ համարելով Գրիշա Վիրաբյանի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռն այն իմաստով, որ միայն որպես բարոյական փոխհատուցում 25 հազար եվրոյի պահանջ է դրված Հայաստանի առաջ, միաժամանակ դա հաղթանակ չի համարում:

«Եթե մենք համարում ենք հաղթանակ այն, որ 8 տարի հետո պիտի նման որոշում դուրս գա, ես ափսոսում եմ եւ վերապահումով եմ ասում հաղթանակ: Հաղթանակը հետեւանքներ պիտի ունենա, եթե դու հաղթանակ ես համարում այն, որ 8 տարի պիտի ապացուցես, որ ապուշ չես, թող լինի հաղթանակ: Բայց ո՞րն է հետեւանքը: Ո՞ր մեկն է պատասխանատվության ենթարկվել», - հարցնում է փաստաբանը:

Ընդդիմադիր գործիչն ու փաստաբանն անհրաժեշտ են համարում, որ Հայաստանի Հանրապետությունը գոնե հիմա, ԵԴ-ի վճիռը հիմքում ունենալով, պատասխանատվության ենթարկի այս պաշտոնյաներին` պետբյուջեին հասցված վնասի համար:

«Իմ նպատակը ֆինանսական փոխհատուցումը չի, իմ նպատակն այդ մարդկանց պատժելն է: Եթե ֆինանսականը լիներ, գործի ընթացքում, երբ դեռ իմ վրա քրեական գործ կար, նույն ոստիկանությունը ինձ փող էր առաջարկում, գրեթե նույնքան գումար, որքան Եվրադատարանը սահմանեց, որպեսզի ես վերցնեմ ու չբողոքեմ: Մինչեւ վերջ պահանջելու եմ, որ այդ ոստիկաններն ու դատավորները պատժվեն», - ասաց նա: