«Ադրբեջանի կողմից եվրոպացի պատգամավորներին կաշառելու հարցը հասունացել է»

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստը, արխիվային լուսանկար

Ադրբեջանի կողմից եվրոպացի պատգամավորներին կաշառելու հարցը լրջագույնս հասունացել է։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին ասաց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Նրա փոխանցմամբ` տվյալ փաստը ԵԽԽՎ-ի ընթացիկ նստաշրջանում արդեն նկատելի է, եւ չորեքշաբթի օրը այդ մասին խոսել են եվրոպացի բազմաթիվ պատգամավորներ. - «Այսինքն, չխոսեցին հայկական պատվիրակության անդամները, այլ եվրոպացիները իրենք խոսեցին` թե՛ քաղաքական հանձնաժողովներում, թե՛ լիագումար նիստերի ժամանակ, ասելով, որ «այլեւս ժամանակն է, որպեսզի մենք համարձակություն ունենանք բարձրաձայն եւ բաց, հրապարակային խոսելու այն մասին, որ Ադրբեջանը ուղղակիորեն այլասերում է միջազգային կառույցները, այդ թվում նաեւ Վեհաժողովը՝ իր կաշառքով պատգամավորներ գնելու գործելաոճով»:

Գերմանացի պատգամավոր Մարի Լուիս Բրեքը, Զոհրաբյանի վկայությամբ, իր ելույթում ասել է, որ «ուղղակիորեն մենք պետք է հայտարարենք այս ամոթալի երեւույթի մասին», որ «գերմանացի բազմաթիվ պատգամավորներ ուղղակիորեն բացահայտ դարձել են Ադրբեջանի լոբբիստները՝ ընկնելով ազդեցության տակ», Ադրբեջանը նրանց անձնական ծախսերն է փակում, ինքնաթիռի առաջին կարգի տոմսեր է գնում նրանց համար, եւ այդ պատգամավորները ուղղակիորեն ճնշում են գործադրում իրենց վրա՝ ստիպելով պաշտպանել այդ երկրի շահերը:

Հինգշաբթի երեկոյան ԵԽԽՎ-ի նիստում քննարկվելու է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի հարցը։ Քննարկումները նախագահելու է ԵԽԽՎ-ի նախագահ Ժան Կլոդ Մինյոնը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ հարցը կարեւոր է եւ դրան պետք է անդրադառնալ, սակայն Վեհաժողովը որեւէ բանաձեւ չի ընդունի:

Նարիա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ քննարկումները կլինեն բավականին բուռն եւ արդյունավետ: Նրա փոխանցմամբ` հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունները գրեթե ողջ կազմով, ինչպես նաեւ մեծաթիվ Ադրբեջանի լոբբիստ եվրոպացի պատգամավորներ են հերթագրված։