Հոկտեմբերի 2-ի մամուլ

Անդրադառնալով Վարդան Օսկանյանի հարցով երեկվա քննարկումներին` «Հրապարակ»-ը գրում է. - «Խորհրդարանում ընթացող խոսակցությունը չափազանց ոչ իրավական էր՝ Քրեական օրենսգրքի դրույթների տեսակետից անհամոզիչ, իսկ մարդկային հռետորաբանության տեսակետից՝ պարզապես կասկածելի: Բայց ամենակարեւորն այն է, որ մարդկային ճակատագրեր որոշող դատախազն ու պատգամավորները տարրական բաներ չգիտեն: Ասենք այն, որ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի: Որ անձը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, նրա մեղքը պետք է ապացուցի իրավապահ մարմինը: Որ նման լուրջ մեղադրանքներ առաջադրելու դեպքում պարտադիր են տուժողի առկայությունն ու բողոքը: Ի վերջո՝ որ պետության հեղինակությունը նման «մեղադրանքներն» ավելի են խարխլում, քան բուն այդ հանցագործությունները»:

Թեման շարունակում է «Ժամանակ»-ի խմբագիրը. - «Վարդան Օսկանյանն իր ելույթով, փաստորեն, հարցի քաղաքական շեշտադրումներն ավելի ընդգծեց: Սա կարող է նշանակել, որ իրավական առումով Օսկանյանը կամ որեւէ հույս չի տեսնում, կամ էլ պարզապես իրավական առումով չունի բավարար հիմքեր եւ մտավախություն ունի, որ դատախազությունը եւ ԱԱԾ-ն կարող են հաստատել մեղադրանքը` ապացույցներով: Վարդան Օսկանյանի կեցվածքից պարզ դարձավ, որ գործը քաղաքական կոնտեքստում դիտարկելու եւ պաշտպանությունն էլ այդ կոնտեքստում կառուցելու մարտավարությունը կարծես թե որոշակի է եւ բեկանման ենթակա չէ: Մյուս կողմից` Վարդան Օսկանյանի ելույթի չափազանց հուզականությունը, որն անկասկած կարող էր նաեւ պայմանավորված լինել նրա մարդկային էությամբ, այնուհանդերձ նաեւ վկայում է այն մասին, որ Օսկանյանի մոտ կան որոշակի խուճապային տրամադրություններ: Սրանք կարող են պայմանավորված լինել այն հանգամանքով, որ բացի ընդհանուր խաղային ֆոնից, կարող է լինել նաեւ մեկ այլ ենթաշերտ, որտեղ Օսկանյանը կարող է դուրս մնալ եւ դառնալ, ասենք, ՀՀԿ-ԲՀԿ, Սարգսյան-Ծառուկյան եւ գուցե նույնիսկ Սարգսյան-Քոչարյան պայմանավորվածության զոհ»:

Անդրադառնալով Մարտի 1-ի գործով նոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու խնդրին` Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը «Առավոտ»-ին ասում է. - «Նոր հանձնաժողովի ստեղծման գաղափարը թվում է լավ, որովհետեւ երբեք չենք ուզի, որ Մարտի 1-ի էջն այդպես փակված մնար: Բայց կարծում եմ, որ այսօրվա իրավիճակում Ազգային ժողովը չունի այնպիսի քաղաքական ձեւավորված մթնոլորտ, որ կարողանա ստեղծել հանձնաժողով եւ օբյեկտիվ գնահատական տալու ցանկություն ունենա Մարտի 1-ի իրադարձություններին»: Նույն հարցով իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ասում է. - « Ես էլ եմ կարծում, որ հանձնաժողովի ստեղծման միտքը լավ միտք է՝ այն առումով, որ այդ սպանությունները բացահայտված չեն, եւ այդ ուղղությամբ պետք է մշտապես աշխատանք տարվի: Եվ այս իշխանությունների օրոք դա բացահայտելը լինելու է եթե ոչ անհնարին, ապա շատ դժվար: Ինչքան ուզում է՝ հանձնաժողովներ ստեղծեք՝ բախվելու ենք այն իրականությանը, որին բախվեց նախկին փաստահավաք խումբը»:

«Իրատես de facto»-ն զորւցել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Հունգարիայի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները վերականգնելո՞ւ ենք»: Պատասխան. - « Մենք ակնկալում ենք, որ Հունգարիան հստակ քայլեր կատարի: Հունգարիայի կառավարությունը կատարել է մի քայլ, որն ամբողջովին հակասում է Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը եւ հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Եթե Հունգարիան չի ընդունում պատասխանատվության իր բաժինը մարդասպանին փառաբանելու ու հերոսացնելու մեջ, իրենց իշխանությունների խնդիրն է»: Հարց. - «Հարաբերությունների վերականգնման համար ի՞նչ ենք ակնկալում Հունգարիայից»: Պատասխան. - «Հունգարիայի իշխանությունների պաշտոնական ներողությունը, Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջը, նրան Ադրբեջանում արդարացի դատելու եւ հունգարական արդարադատությունն Ադրբեջանում շարունակելու պահանջը, Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարության ընդունումը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը. ես նշեցի մի քանի տարբերակներ միայն` քաղաքական, իրավական, բարոյական հարթությունների մեջ»: