ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն արձագանքում են Վազգեն Խաչիկյանի ձերբակալությանը

Վազգեն Խաչիկյան

Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Գալուստ Սահակյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, հանրապետական Վազգեն Խաչիկյանի ձերբակալությանը, հայտարարեց, թե յուրայինների նկատմամբ անհրաժեշտ է ավելի խիստ լինել, քան մյուսների:

Վազգեն Խաչիկյանը անազատության մեջ հայտնվեց ուրբաթ օրը: Նա մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի, խարդախության եւ խոշոր չափերով յուրացումների մեջ: Խաչիկյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում: Ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության, Խաչիկյանը քրեական հետապնդման է ենթարկվում կազմակերպված խմբով եւ խարդախությամբ պետական բյուջեից 240 միլիոն 680 հազար 984 դրամ հափշտակելու եւ յուրացնելու համար:

«Մենք պետք է նաեւ շատ վճռական լինենք մեր յուրայինների նկատմամբ, եւ պատժելու առումով ավելի խիստ պիտի լինենք, որպեսզի հնարավոր լինի երկրում հետագա բարեփոխումներն իրականացնել», - ասաց Սահակյանը:

Ընդգծելով, որ ինքը սուբյեկտիվ վերաբերմունք ունի այս գործի նկատմամբ, Գալուստ Սահակյանը հույս հայտնեց, որ Խաչիկյանը եթե անմեղ է, կապացուցի իր անմեղությունը, ինչպես իր հետ մասնավոր զրույցներում է նա խոստացել: ՀՀԿ փոխնախագահը գործին նման ընթացք տալը կարեւորեց հենց իրենց` իշխող կուսակցության «ներսի» համար:

«Այսօր մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի առաջատար քաղաքական ուժը չմտածի, որ ինքը արտոնություն կամ առավելություն ունի մյուսների նկատմամբ: Առավել եւս եթե մյուսներին կարելի է ներել, իշխող ուժի ներկայացուցչին նույնիսկ մեղմացուցիչ հանգամանքներ փնտրելու անհրաժեշտություն պետք է չլինի», - ասաց ՀՀԿ փոխնախագահը:

ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի պաշտոնավարման շրջանում կենսաթոշակների ոլորտում յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ քրեական գործ հարուցված է անցյալ տարվա մայիսից, նախաքննությունը շարունակվում է արդեն շուրջ մեկուկես տարի: Հարցին, թե ինչո՞ւ Վազգեն Խաչիկյանը ձերբակալվեց միայն հիմա` նախագահական ընտրությունների շեմին, կառավարությունում նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի խորհրդակցությունից հետո, Գալուստ Սահակյանը հակադարձեց, որ նախաքննական մարմինն է այս փուլում նպատակահարմար համարել այս ձերբակալությունը: Ընդգծելով, որ մեր հասարակությունը գործող իշխանություններին ամեն ինչի համար քննադատելու առիթ գտնում է, ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց, որ վերջին երկու տասնյակ տարիներին նախկին իշխանություններից որեւէ մեկը իր թիմի կարկառուն գործիչներից որեւէ մեկին չի հետապնդել նման մեղադրանքներով:

«Ով յուրային չէր, ոչ միայն օրենքի սահմաններում, այլեւ ոչ օրինական ճանապարհով էին փորձում պատժել… Բնականաբար, յուրայինների տարբերությունը շատ զգալի էր, բայց դա չի նշանակում, որ այդ նախադեպը պետք է անընդհատ սցենարի վերածված ուղեկցի մեր ժողովրդին», - ասաց նա:

Սահակյանը չհամաձայնեց նաեւ շրջանառվող այն տեսակետներին, որ յուրայինի ձերբակալությամբ ՀՀԿ-ն նպատակ ունի հող նախապատրաստել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար:

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ չի ցանկանում որեւէ կապ տեսնել այս երկու գործընթացների միջեւ:

«Հանցագործը պետք է կրի պատասխանատվություն: Ինձ համար բացարձակապես երկրորդական են բոլոր ենթադրաբար տարվող կամ միգուցե իրական զուգահեռները: Ինձ համար էական է, որպեսզի մեղավորը կրի պատասխանատվություն իսկ անմեղը, բնականաբար լինի պաշտպանված օրենքի եւ սահմանադրության շրջանակներում», - ասաց Ուրիխանյանը:

Վազգեն Խաչիկյանի գործի վերաբերյալ ոստիկանության հրապարակած վերջին պաշտոնական տվյալների համաձայն, մեղադրանքներ են առաջադրվել 42 անձանց: Նրանցից մեկը հետախուզման մեջ է, 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում, մեկը ձերբակալվել է, 18-ը չհեռանալու մասին ստորագրությամբ ազատության մեջ են: Երեք քրեական գործ 12-մեղադրյալների վերաբերյալ ուղարկվել է դատարան եւ կայացվել են մեղադրական դատավճիռներ: Այս գործը քննելու համար կազմված քննչական խմբում 65 քննիչ է ընդգրկված, հարցաքննվել է 7900 անձ: Ոստիկանության տեղեկատվության համաձայն, այս հանցագործությամբ պետությանը, ընդհանուր առմամբ պատճառվել է 327.441.206 դրամի վնաս, որից 51.5 միլիոնից ավելին արդեն վերականգնվել է: