Վրաստանը խորհրդարան է ընտրում

Վրաստան - Ընտրությունների պատասխանատուները պատրաստում են ընտրատեղամասը քվեարկության համար, Թբիլիսի, 30-ը սեպտեմբերի, 2012թ.

Վիրահայության երկու ամենամեծ խմբերի` Թբիլիսիի եւ Ջավախքի հայերի շրջանում տրամադրությունները միմյանցից զգալիորեն տարբերվում են։
Որեւէ մեկն այս պահին, թերեւս, չհանդգնի կանխատեսել Վրաստանում քիչ առաջ մեկնարկած քվեարկության արդյունքները: Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքի անցկացրած նախահարձակ ընտրարշավը, սոցիոլոգներից շատերի պնդմամբ, հավասարեցրեց իշխանության եւ ընդդիմության շանսերը` եթե ոչ ողջ երկրի, ապա գոնե մայրաքաղաք Թբիլիսիի կտրվածքով:

«Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանի խոսքով` թե՛ իշխանությունը եւ թե՛ ընդդիմությունը քարոզարշավի ընթացքում փորձում էին համապատասխան հուզական ֆոն ստեղծել: Այդ փորձերի ամենավառ դրսեւորումը միմյանց վարկաբեկող տեսագրությունների եւ ձայնագրությունների հրապարակումն էր:

«Չի բացառվում, որ կոմպրոմատների պատերազմը, որի նպատակը ընտրողների շրջանում համապատասխան հուզական տրամադրություն ստեղծելն է, կարող է շարունակվել անգամ քվեարկության օրը եւ նույնիսկ ընտրություններից հետո: Այսօր շատ դժվար է կանխատեսել, թե ինչ գործընթացներ կծավալվեն ընտրություններից հետո», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Ստեփանյանը` չբացառելով հետընտրական ցնցումների հավանականությունը:

«Ես, ինչպես եւ, համոզված եմ, Վրաստանի բնակչության մեծ մասը, չէի ցանկանա, որ իրադարձությունները նման ընթացք ստանան, քանի որ միշտ էլ ցանկալի է, որ իշխանափոխությունը լեգիտիմ ճանապարհով տեղի ունենա: Բայցեւայնպես, ես ոչինչ չեմ կարող բացառել, քանի որ երկու կուսակցություններն էլ իրենց դրսեւորում են ոչ թե որպես մրցակիցներ, այլ որպես կատաղի թշնամիներ, որոնք, ի դեպ, թշնամանքի անձնական պատճառներ ունեն», - ասաց Ստեփանյանը։

Ինչ վերաբերում է հայկական ընտրազանգվածի մոտեցումներին, ապա, ըստ Ստեփանյանի, վիրահայության երկու ամենամեծ խմբերի` Թբիլիսիի եւ Ջավախքի հայերի շրջանում առկա տրամադրությունները միմյանցից զգալիորեն տարբերվում են:

«Բանտային այդ տեսագրությունների ի հայտ գալու հաջորդ օրը ես զրուցում էի Ջավախքի հանրային կարծիքի մի շարք առաջատարների հետ, եւ նրանք անգամ տեղյակ չէին, որ նման բան է կատարվում երկրում: Ջավախահայությունը որոշակիորեն կտրված է վրացական լրատվական դաշտից: Թբիլիսիի հայերի պարագայում իրավիճակն այլ է: Նրանք ավելի լավ են ինտեգրված վրացական հանրության եւ վրացական լրատվական միջավայրում, ինչը ազդում է նաեւ պետության նկատմամբ նրանց ունեցած վերաբերմունքի վրա», - նշեց Ստեփանյանը:

Ի դեպ, հայազգի գործչի խոսքով, իրենց կազմակերպության անցկացրած հետազոտություններից մեկի համաձայն` Թբիլիսիի հայերի 70 տոկոսը քվեարկում է` ելնելով այս կամ այն կուսակցության ծրագրից ու գործունեությունից: Մյուս 30 տոկոսը քվեարկության ելակետ է ընտրում սեփական ազգային պատկանելությունը: Ստեփանյանի խոսքով` այս երկրորդ խումբն այսօր, ըստ ամենայնի, կքվեարկի իշխող Ազգային միացյալ շարժման օգտին: «Մյուս խմբի մոտ երկու կուսակցությունների արձանագրած ցուցանիշները շատ մոտ կլինեն իրար», - կարծում է Առնոլդ Ստեփանյանը: