Սեպտեմբերի 27-ի մամուլ

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Որքան էլ թեժանում են հայաստանյան կրքերը 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ, եւ որքան էլ ինտրիգային է դառնում այս հարթության վրա Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Գագիկ Ծառուկյան եռանկյունին եւ ԲՀԿ դերակատարումը այս կոնտեքստում, միեւնույն է` կարելի է վստահաբար ասել, որ խնդիրն այս ամենում ոչ թե գալիք նախագահական ընտրություններն են, այլ դրանց հաջորդող հնգամյակում 2017-18 թվականների ընտրությունների համար դիրքավորվելը: Այս խնդիրները հանդիսանում են ներկայիս քաղաքական գործընթացների եւ ներիշխանական հարաբերությունների հիմքը: Եվ այստեղ են «Բարգավաճ Հայաստան»-ի ու Ռոբերտ Քոչարյանի գլխավոր հավակնությունները՝ չթողնել դաշտում որեւէ այլ սուբյեկտ, որ կարող է հավակնել իշխանությունը ստանձնելուն, եւ այդպիսով Սերժ Սարգսյանին չթողնել իշխանությունն իրենց փոխանցելու այլընտրանք: Այս իմաստով, նույնիսկ կարելի է նկատել Քոչարյան-ԲՀԿ տանդեմի հաշվարկը. 2013-ը հանձնել Սերժ Սարգսյանին` իհարկե փորձելով նրա համար ստեղծել հնարավորինս շատ բարդություններ եւ հետեւաբար նաեւ կախվածություն, փոխարենը նրանից վերցնել 2017-18-ը, չթողնել ուրիշ այլընտրանք»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը «Բարգավաճ Հայաստան»-ի խոսնակ Տիգրան Ուրիխանյանին հարցնում է. - «Ինչպե՞ս եք քվեարկելու բյուջեի կատարողականի վերաբերյալ, կա՞ արդեն որոշում»: Պատասխան. - «Կա որոշում, թե չկա, դա մեր գործն է, տակտիկական նկատառումներով` դրա մասին կիմանաք լիագումար նիստում»: Հարց. - «Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ բյուջեի կատարողականի հաստատումը Աժ-ում առիթ դառնա վարչապետին անվստահություն հայտնելու»: Պատասխան. - «Ես չեմ ուզում, որպեսզի մեր հրապարակային քայլերը տպավորություն ստեղծեն, թե մենք կենտրոնացած ենք վարչապետի անձի վրա, դրանից բխող այն ասեկոսեներով կամ մեկնաբանություններով, որոնք հայտնի իրադարձություններից հետո տարածվեցին: Վարչապետի կամ կառավարության այլ անդամների կողմից ի հայտ եկող յուրաքանչյուր բացթողում մեր կողմից բարձրացվելու է, եւ դրանից բխող, այո՛, հետեւանքներով հանդերձ»:

«Հրապարակ»-ի մեկնաբանը գրում է. - «Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, ԱԺ-ում իր մշտական ներկայացուցիչ նշանակեց Վիկտոր Դալլաքյանին, ով նախագահին նսեմացնելու գնով սեփական անձը վսեմացնելու պատմության ուներ: Ի դեպ, Վիկտոր Դալլաքյանը Սերժ Սարգսյանի կողմից ներված միակ գործիչը չէ: Այս կարգի գործիչների շարքից են Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը, էլի ուրիշներ, որոնց երբեմնի հակասերժական կեցվածքների մասին հատորներ կարելի է գրել: Սարգսյանը, ըստ երեւույթին, որոշել է նմաններին եռակի ու քառակի անգամ ավելի շատ գործածել իր օգտին, քան այն վնասներն են, որ սրանք տարիներ առաջ պատճառել են իրեն»:

«168 ժամ»-ը տեղեկացնում է, որ երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ. - « Չնայած խորհրդի որոշ անդամների սպասումներին, որ նիստի ժամանակ կարող է քննարկվել առաջիկա հանրահավաքի անցկացման հարցը եւ կարող են որոշվել կոնկրետ ժամկետներ, նիստի օրակարգում նման հարց դարձյալ չի ընդգրկվել: Խորհրդի անդամներին հերթական անգամ տեղեկացրել են, որ Տեր-Պետրոսյանը դեռեւս որեւէ որոշում չի կայացրել նախագահական ընտրություններում առաջադրվելու հարցի շուրջ, եւ քանի դեռ նման որոշում չկա, հանրահավաքի հարցը մնում է անորոշ»: Թերթի տեղեկություններով, երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակում, սակայն նա եւս իր առաջիկա պլանների մասին չի խոսել:

«Առավոտ»-ի թղթակիցը «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանին հարցնում է. - « ՕԵԿ վերակազմավորման գործընթացում ի՞նչ արդյունքներ գրանցեցիք»: Պատասխան. - «Պետք է նշեմ, որ մեզանում քաղաքական գործընթացները որոշակի ստատիկ բնույթ են կրում, կաղապարված եւ կարծրատիպային են: Երբ այս կաղապարներից եւ կարծրատիպերից դուրս որեւէ որոշում է կայացվում եւ գործընթաց է տեղի ունենում, ապա այն անմիջապես ենթարկվում է սուր քննարկումների: Այո, իրականում վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ մենք պետք է մեզ հնարավորինս ապահովագրենք պատեհապաշտներից: Իսկ դա անելու համար անհրաժեշտ էին ներկուսակցական բարեփոխումներ, որին եւ մենք ձեռնամուխ եղանք: «Օրինաց երկիր» կուսակցությունը միակ քաղաքական ուժն էր, որը համարձակություն ունեցավ գնալու այդ քայլին, վերակազմավորելու կուսակցական կառույցները եւ հաստատելու անդամագրման նոր կարգ: Սա քաղաքական եւ հատկապես կուսակցական համակարգում նոր մշակույթ էր»: