Նախագահը «կատաղի պայքար» չի տեսնում չարաշահումների դեմ

Նախագահ Սերժ Սարգսյանը ՊՆ-ում կայացած խորհրդակցությունում, 26-ը սեպտեմբերի, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարությունում այսօր հրավիրել է խորհրդակցություն, որի օրակարգում կրկին պետական գնումներին վերաբերող չարաշահումներն ու խախտումներն են եղել։ Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը անթույլատրելի է համարել գնումների գործընթացում պետության սուղ միջոցների եւ զինվորների հաշվին թույլ տրվող չարաշահումները եւ խստորեն քննադատել այդպիսի մոտեցում ցուցաբերող անձանց:

«Ես չեմ ասում, որ պաշտպանության նախարարությունում իրավիճակը ավելի վատ է, քան մնացած ոլորտներում, բայց դա ինձ չի բավարարում: Մենք պաշտպանության նախարարությունում պիտի հասնենք այդ հարցերի կատարելությանը: Եվ վատ է, երբ ես չեմ տեսնում կատաղի պայքար այդպիսի մարդկանց դեմ», - ասաց է նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է թե, որ երբ գումարտակի, վաշտի կամ գնդի հրամանատարը տեսնի, որ իրենից վերեւ ղեկավարները պաշտպանում են այն մարդկանց, ովքեր անկեղծ են, իրավիճակն այլ կլինի եւ կազդի բարոյահոգեբանական ամբողջ մթնոլորտի վրա:

Գլխավոր շտաբի, կենտրոնական ապարատի եւ զորամիավորումների հրամանատարների մասնակցությամբ հանդիպմանը նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը ներկայացրել է այն ուսումնասիրության հիմնական արդյունքներն ու եզրակացությունները, որոնք վերաբերում են նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացին։ Ինչպես նախագահի մամուլի ծառայությունն է տեղեկացնում, վերահսկողական ծառայությունը այս ոլորտում մի քանի խնդիրներ է մատնանշել. առաջինը վերաբերում է մրցույթների թափանցիկությանը եւ մրցակցային միջավայրի ապահովմանը: Մասնավորապես, վերահսկողական ծառայության ղեկավարն նշել է, որ դիտարկված մրցութային փաթեթներում բազմաթիվ են դեպքերը, երբ մրցույթներին մասնակցում են գրեթե նույն անձինք: Ընդ որում, կան դեպքեր, երբ գործում են այսպես ասած, «ունիվերսալ» կազմակերպություններ՝ իրականացնելով եւ՛ սննդամթերքի, եւ՛ ավտոպահեստամասերի, եւ՛ վառելիքաքսուքային նյութերի մատակարարման, ինչպես նաեւ շինարարության աշխատանքներ: Զեկույցի համաձայն, վերջին երկու տարվա վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ կազմակերպությունների կազմը գրեթե չի փոփոխվում:

Վերահսկողական ծառայության ուսումնասիրության մյուս հատվածը վերաբերել է կարիքների համար ձեռք բերված ապրանքների եւ նույնանման ապրանքների շուկայական գների համեմատականին։ Ըստ պաշտոնական լրատվության՝ նախորդ տարվա համեմատությամբ ներկայումս վիճակն անհամեմատ շտկվել է, եւ մատակարարված ապրանքների արժեքը հիմնականում համապատասխանում է մեծածախ շուկայում նմանատիպ ապրանքների համար առաջարկվող արժեքին:

Այնուհանդերձ, ըստ եզրակացության, որոշ ապրանքներ հնարավոր է ձեռք բերել ավելի ցածր գներով: Միաժամանակ, աշխատանքային խումբը գտել է, որ ռիսկային կարող են լինել ոչ միայն ապրանքների բարձր գները, այլեւ դրանց փաստացի քանակները եւ որակը: Այսօրվա խորհդակցությանը անդրադարձ է կատարվել նաեւ մրցույթներում հաղթող ճանաչված եւ նախարարության հետ պայմանագրեր կնքած այն ընկերություններին, որոնք «փոխկապակցված են որոշակի անձանց հետ»: Պաշտոնական լրատվությունը, սակայն, փակագծերը չի բացել, թե ինչ ընկերությունների եւ որ անձանց մասին է խոսքը։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախագահին վստահեցրել է, որ այսուհետեւ ավելի հետեւողական կլինեն իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ եւ նախագահի հանձնարարության համաձայն, առավել կխստացնեն հսկողությունը ներկայացված գործընթացի բոլոր փուլերի՝ մրցույթների կազմակերպման եւ գնագոյացման, ձեռքբերված ապրանքների մատակարարման ու ընդունման-հանձնման ուղղությամբ: Աշխատելու ենք ամեն մանրուքի վրա ուշադրություն դարձնել եւ ամեն ինչ կանենք, որ պաշտպանության նախարարությունը օրինակելի լինի գնումների գործընթացի իրականացման գործում, ասել է Օհանյանը:

Նախորդ շաբաթ կառավարությունում հրավիրված խորհրդակցությանը նախագահ Սարգսյանը անդրադառնալով «ատկատներին» նաեւ պաշտպանության նախարարին էր դիմել՝ տարակուսանք հայտնելով, թե ինչպես է գլխավոր շտաբի պետի տեղակալը մեծ գումար պարտք վերցրել մատակարարից։ Սերժ Սարգսյանն այսօր կրկին խոսել է այս մասին:

«Պատկերացնում ես, դու գումարտակի հրամանատար լինես, մեկ էլ լսես, որ գլխավոր շտաբի պետի տեղակալը 200 հազար դոլար պարտք է վերցրել մատակարարից: Ի՞նչ կմտածես: Չես մտածի, որ այդ 200 հազարի մի մասը գնացել է գլխավոր շտաբի պետի, մի մասը` պաշտպանության նախարարին, մի մասն էլ` նախագահին: Բա ի՞նչ: Ի՞նչ է նշանակում մատակարարից պարտք են վերցնում մեծ գումարներ», - ասել է նախագահը:

Հիշեցնենք, այս ամսվա սկզբին նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվեց զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը: Թեեւ պաշտոնանկության որեւէ դրդապատճառ չներկայացվեց, այդուհանդերձ փաստն այն է, որ Փայտյանը համակարգում էր հենց գնումների եւ մատակարարումների հետ կապված հարցերը: