Նախատեսվում է վերակազմավորել Հայաստանում ՌԴ ռազմակայանը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը (ձ) եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը (կ) «Բաղրամյան» զորավարժարանում:

Ռուսաստանյան մամուլի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման օբյետների վերաբերյալ ռուս - հայկական արձանագրության նախագծին:

Ըստ այդմ՝ Ռուսաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններին հանձնարարվել է հայկական կողմի հետ բանակցություններ սկսել եւ համաձայնության պարագայում արձանագրություն ստորագրել՝ դրանում չներառելով սկզբունքային փոփոխություններ:

Նախագծում հիշատակվում են Հայաստանում ռուսական ռազմաբազայի 30 տեղակայման կետեր։ Նախատեսվում է, որ դրանցից 10-ը փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո պետք է անցնեն հայկական կողմին:

Հիշեցնենք՝ օրերս Հայաստանում անցկացված՝ ՀԱՊԿ-ի զորավարժություններից հետո Հայաստանի պաշտպանության նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսին այդ մասին հայտարարել էր նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:

«Ցանկանում եմ հաստատել, որ այսօրվա մեր հանդիպումների ժամանակ, այլ հարցերի թվում, քննարկել ենք նաեւ Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայանի վերակազմավորման հետ կապված հարցը, որը տեղի է ունենում ռուսական զինված ուժերի բարեփոխման շրջանակում: Մոտ 10 օբյեկտներ մենք տրամադրում ենք հայկական կողմին», - ճեպազրույցի ժամանակ ասել էր Անատոլի Սերդյուկովը:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով հիշյալ արձանագրության էությունը` Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վերակազմավորումը զուտ տեխնիկական հարց է եւ միտված է ռուսական ռազմակայանի օպտիմալացմանը:

«Որոշակի օբյեկտներ ավելանում են, փոխանցվում են հայկական կողմին»,- նշեց նա` շեշտելով, թե սկզբունքային որեւէ փոփոխություն տեղի չի ունենում:

Ռազմական փորձագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը եւս համարում է, որ ռուսաստանյան ռազմակայանի վերակազմավորման գործընթացը քաղաքական ենթատեքստ չունի: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մինասյանը նկատեց, որ ներկայումս վերակազմավորվում եւ արդիականացվում է ողջ ռուսական զինուժը, եւ Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանը բացառություն չէ:

Ըստ փորձագետի` դեռեւս խորհրդային ժամանակների տրամաբանությամբ գործող ռազմակայանը «հարմարեցվում է ժամանակակից պահանջներին». - «Ռուս-վրացական 2008 թվականի պատերազմից հետո նախարար Սերդյուկովը բավականին լայնամասշտաբ ռեֆորմ է սկսել ռուսական բանակում, որի նպատակներից մեկը նաեւ մշտական պատրաստությամբ ավելի մոբիլ զորամիավորումների ստեղծումն է: Եվ այդ ռեֆորմի համտեքստում գրեթե բոլոր այսպես կոչված դիվիզիաները անցել են բրիգադային շտաբերի»:

Մինասյանը նշում է նաեւ, որ խորհրդային ժամանակներում զենքի եւ գույքի փաստացի բաժանման տրամաբանության մեջ Հայաստանում գործում էր խորհրդային զորքի «ոչ լիակատար մի դիվիզիա»` բաղկացած Երեւանում եւ Գյումրիում տեղակայված մեկական գնդերից: Այդ գնդերը, սակայն, հագեցած էին լիակատար դիվիզիային համարժեք սպառազինությամբ:

«Ներկայումս այդ ամբողջ ստորաբաժանումների հիման վրա ստեղծվել է մեկ մոտոհրաձգային բրիգադա, որն ավելի քիչ զենք եւ զինամթերք է ունենալու իր սպառազինության մեջ», - նշեց փորձագետը` շարունակելով. - «Իսկ արդյունքում 102-րդ բազան` առանց սահմանապահ զորքերի եւ Էրեբունիում տեղակայված ավիացիոն խմբի, բոլոր ցամաքային զորքերը կուտակվելու են Գյումրիի ռազմակայանում»:

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը եւս հավանություն է տվել ռուսական ռազմաբազայի տեղակայման կետերի վերաբերյալ ռուս-հայկական արձանագրության նախագծին: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին պաշտպանության նախարարությունից, ներկայումս վերջնական իրավաբանական տեսքի են բերվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: