Գյուլը ավելի մեծ հեղինակություն է վայելում Թուրքիայում, քան Էրդողանը

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության նախկին նախագահ Ռաուֆ Դենքթաշի հուղարկավորության ժամանակ, Նիկոսիա, 17-ը հունվարի, 2012թ.

Թուրքերի մեծամասնությունը կգերադասեր, որպեսզի նախագահի պաշտոնը շարունակի զբաղեցնել Աբդուլա Գյուլը` այն չզիջելով ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանին: Սա են վկայում Անկարայում գործող MetroPoll հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները:

Թուրք սոցիոլոգները այս հետազոտության միջոցով ցանկացել են պարզել` այս երկու ամենաբարձրաստիճան գործիչներից ով հաղթելու ավելի մեծ շանսեր ունի 2014 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում, որոնց ընթացքում առաջին անգամ երկրի ղեկավարը ընտրվելու է համաժողովրդական քվեարկությամբ, այլ ոչ թե խորհրդարանի կողմից:

«Հարցվածների 60 տոկոսը պնդում է, որ կցանկանար Աբդուլա Գյուլին մեկ անգամ եւս տեսնել նախագահի պաշտոնում: Հարցվածների ուղիղ մեկ երրորդը, հակառակը, ասել է, որ դեմ է Գյուլի վերընտրությանը», - նշում են MetroPoll-ի մասնագետները: Իսկ ի պատասխան ուղղակիորեն տրված հարցի` «ո՞ւմ կցանկանայիք ընտրված տեսնելԹուրքիայի նախագահի պաշտոնում 2014-ի ընտրությունների արդյունքում», հարցվածների 21 տոկոսը նշել է Գյուլի, իսկ 18 տոկոսը` Էրդողանի անունը:

Թուրքական Zaman-ը գրում է. - «Մինչ այժմ գրեթե բոլոր նախագահական ընտրությունները Թուրքիայում քաղաքական ճգնաժամերի պատճառ էին դառնում: Առաջիկա ընտրությունները եւս կարող են տեղավորվել այդ տրամաբանության շրջանակում: Բանն այն է, որ վարչապետ Էրդողանի առաջադրման հավանականությունը բավական մեծ է: Նախագահ Գյուլը եւս առաջադրվելու հնարավորություն ունի»:

Հաշվի առնելով այս հնարավոր մրցակցությունը երկու վաղեմի քաղաքական դաշնակիցների միջեւ` MetroPoll-ի սոցիոլոգները նաեւ փորձել են հստակեցնել, թե քաղաքական տարբեր ուժերի համակիրները ինչպես կքվեարկեն 2014-ի նախագահական ընտրությունների ժամանակ, եթե հանկարծ երկրորդ փուլում միմյանց դեմ պայքարեն Գյուլն ու Էրդողանը:

Բոլոր առաջատար քաղաքական կուսակցությունների համակիրների շրջանում Գյուլն անհամեմատ ավելի մեծ հեղինակություն է վայելում, քան Էրդողանը: Այսպես, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության համակիրների 48 տոկոսը կարող է քվեարկել Գյուլի եւ միայն 5 տոկոսը` Էրդողանի օգտին, Ազգայնական շարժման կողմնակիցների շրջանում Գյուլի նախագահական վարկանիշը 58 տոկոս է, իսկ Էրդողանինը` ընդամենը 7: Անգամ իր իսկ ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության շարքերում Էրդողանը վարկանիշով զիջում է Գյուլին. այսպես, իսլամիստ ընտրազանգվածի 52 տոկոսը ցանկանում է նախագահի պաշտոնում տեսնել Աբդուլա Գյուլին, իսկ 39 տոկոսը` Ռեջեփ Էրդողանին:

«Ընտրողների այս ընտրությունը դժվար է հասկանալ` հաշվի առնելով Էրդողանի այն խարիզմատիկ ազդեցությունը, որ նա ունի կուսակցության եւ ընտրողների հանդեպ», - նշում են հետազոտության հեղինակները` այնուհանդերձ, հավելելով. - «Հաջողությունը, որն արձանագրում է Գյուլը նախագահի պարտականությունները կատարելու ընթացքում, ինչպես նաեւ նրա նկատմամբ կուսակիցների տածած հարգանքը` ահա այն հիմնական գործոնները, որ ապահովում են մեծամասնության աջակցությունը գործող նախագահին»: