Ակտիվիստները խախտումներ են հայտնաբերել Խոսրովի արգելոցում

Your browser doesn’t support HTML5

Ակտիվիստները խախտումներ են հայտնաբերել Խոսրովի արգելոցում

Խարույկի հետքեր, օղու շշեր, կենցաղային աղբ, մի քանի կենդանու դիակներ եւ կենդանիներին մորթազերձ անելիս գործածվող մետաղյա կեռիկներ. այս ամենը բնապահպան ակտիվիստները հայտնաբերել են Խոսրովի անտառ պետական արգելոցի Կաքավաբերդի տարածքում:
Խարույկի հետքեր, օղու շշեր, կենցաղային աղբ, մի քանի կենդանու դիակներ եւ կենդանիներին մորթազերձ անելիս գործածվող մետաղյա կեռիկներ. այս ամենը բնապահպան ակտիվիստները հայտնաբերել են Խոսրովի անտառ պետական արգելոցի Կաքավաբերդի տարածքում եւ նկարահանել, երբ անցյալ շաբաթ այցելել են արգելոց:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք նշեցին, որ հայտնաբերել են նապաստակի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի դիակի մնացորդներ:

«Սա որսագողի արած բան չէր», - ասաց «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամ Եղիա Ներսիսյանը:

«Պարզից էլ պարզ էր, որ այդ մարդը իրեն շատ լավ է զգացել: Մենք տեսանք խարույկի մի քանի օջախներ, հատված ծառեր, մասնատված Կարմիր գրքի կենդանիներ, ինքը իրեն այնտեղ զգացել է ինչպես Աշտարակի ձորում», - ասաց «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մարիամ Սուխուդյանը:

Նրանց խոսքով, քանի որ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսը ապօրինի է եւ քրեորեն հետապնդելի, իրենք դիմել են իրավապահ մարմիններին: Նույն հարցով իրավապահներին դիմել է նաեւ Բնապահպանության նախարարությունը, որի ներկայացուցիչները նույնպես մասնակցում էին ասուլիսին:

«Միայն ընթացքը ուսումնասիրելուց հետո մենք կարող ենք պատկերացում կազմել, թե արդյոք դեպքը տեղի է ունեցել Խոսրովի արգելոցում, թե ոչ», - նշեց Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը:

«Ինձ համար բավականին հետաքրքիր էր այն պահը, որ այդ տեսանյութում, երբ այծի գլուխը բարձրացրիք, տեսանք, որ այն բավականին թարմ էր, այնքան թարմ, որ ճանճերը նրա վրա չէին հասցրել որդ դնել, սա մի քանի ժամվա խնդիր է: Մեզ հետաքրքրում է արդյոք հնարավո՞ր չէր դա կանխել: Այսինքն եզրակացնում եմ, որ տեղյակ եք եղել, որ նման բան է տեղի ունենում, սպասել եք, որ դա տեղի ունենա, որ նոր ինչ-որ բան սփռեք Բնապահպանության նախարարության վրա», - ասաց Բնապահպանության նախարարության տեսչության ավագ տեսուչ Արթուր Բեգլարյանը:

Բնապահպանության նախարարության աշխատակիցները նաեւ նշում էին, որ բնապահպանները խախտել են նախարարի հանձնարարականը, այսինքն՝ առանց նախարարության թույլտվության մտել են արգելոցի տարածք:

«Եթե մենք օրենքը չխախտեինք` չգնայինք ու չնկարեինք, արդյո՞ք դուք տեղյակ կլինեիք այդ դեպքի մասին», - հարցրեց Եղիա Ներսեսյանը:

«Չի բացառվում, որ տեղյակ լինեինք: Ձեր ասած դեպքերից մեկը շատ կասկածելի է. այդ արջի գանգը, որ ցույց տվեցիք, հի՞նգ ամսվա է, ո՞ւթ ամսվա է, թե՞ նոր է, որսորդն է խփել, թե՞ ինքն է սատկել», - պատասխանեց Աշոտ Ավալյանը:

Սակայն հարցին, թե ինչ պարբերականությամբ են կենդանիների մոնիթորինգ իրականացնում արգելոցում, նախարարության աշխատակիցները կոնկրետ չպատասխանեցին: Բացի այդ, նրանց խոսքով, վերահսկել արգելոցի 30.000 քառակուսի հեկտար տարածքը դժվար է:

«Բնապահպանության նախարարությունը ի՞նչ մեղք ունի, երբ օրենքը խախտողները բավականին շատ են: Գիշեր ա, գողությունը ոնց ա կատարվում, դե կներեք Հայաստանն ա, Հայաստանում գողությունները շատ են», - ասաց Արթուր Բեգլարյանը:

Նա հավելեց, որ բեզոարյան այծի սպանությունից վնասը կազմում է 3 մլն դրամ, նապաստակինը՝ 8000 դրամ, արջինը՝ 1 մլն դրամ: Եթե խախտումը կատարվել է արգելոցում, այս հատվուցվում է այս գումարի հնգապատիկը, ընդհանուր առմամբ 20 մլն 40.000 դրամ: