Ռուբեն Հայրապետյանը առայժմ պատգամավոր է

Ռուբեն Հայրապետյան

Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները դեռեւս դադարեցված չեն: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը փոխանցեց Ազգային ժողովի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը, մինչեւ սեպտեմբերի 28-ը հանրապետական պատգամավորը մանդատից հրաժարվելու մասին իր դիմումը ետ վերցնելու ժամանակ ունի:

Հայրապետյանի հրաժարականի մասին դիմումը խորհրդարանում ընթերցվեց սեպտեմբերին 5-ին, եւ Ազգային ժողովի կանոնակարգի 13-րդ հոդվածի համաձայն` պատգամավորը կարող է դիմումը ետ վերցնել խորհրդարանի նիստում դրա հրապարակումից 15 օրվա ընթացքում:

Մամուլը, անդրադառնալով այս թեմային, գրել էր, թե այդ ժամկետը լրացել է սեպտեմբերի 20-ին: Մինչդեռ Ազգային ժողովի քարտուղարության պետը պարզաբանեց, որ Ազգային ժողովի կանոնակարգի 35-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, 15-օրյա ժամկետի հաշվարկից պետք է հանվեն ոչ աշխատանքային` տվյալ դեպքում տոնական, հիշատակի եւ հանգստյան օրերը: Այդ սկզբունքով հաշվարկելու դեպքում` հաշվի առնելով Խաչվերաց տոնին հաջորդած մեռելոցը, նաեւ հանգստյան օրերը եւ Անկախության տոնը, ստացվում է , որ Ռուբեն Հայրապետյանը դեռեւս պատգամավոր է:

Հանրապետական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը անցած հուլիսին հայտարարեց, որ հրաժարվում է իր մանդատից` այն բանից հետո, երբ իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի արդյունքում մահացավ երիտասարդ զինվորական բժիշկ Վահե Ավետյանը:

Մանդատից հրաժարվելու մասին դիմումը խորհրդարանում հրապարակվելուց հետո, մամուլն ակտիվ քննարկում էր` արդյոք Հայրապետյանը ետ կվերցնի՞ այն, թե՞` ոչ: Քննարկումներն ավելի թեժացան, երբ հայաստանյան մամուլը տպագրեց Les Nouvelles d’Armenie պարբերականի հարցազրույցը Հայրապետյանի հետ, որտեղ նա ասել էր, թե մանդատից հրաժարվելու դիմումը ետ վերցնելու մտադրություն ունի։