ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին Տավուշի 54 համայնքներում

Կիրակի օրը անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների (ՏԻՄ) նախնական ոչ պաշտոնական տվյալներով` Դիլիջանում վերընտրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Արմեն Սանթրոսյանը։

Տեղամասերից ստացվող արդյունքները թեեւ դեռ ճշտվում են, սակայն դրանք փաստում են, որ այստեղ հիմնական պայքարը ընթացել է Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների թեկնածուների միջեւ։

Դեռեւս ոչ պաշտոնական տվյալներով` Արմեն Սանթրոսյանը ստացել է 4 հազար 688 ձայն, «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածու Ժորա Սահաբալյանը ստացել է 2 հազար 824 քվե, իսկ անկուսակցական Գուրգեն Հարությունյանի օգտին քվեարկել է 458 ընտրող։

Դիլիջանում ընտրությունները բավական խաղաղ մթնոլորտում են ընթացել։

Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հանձնաժողովը դիմում-բողոքներ չի ստացել, միայն աննշան խախտումներ են արձանագրվել, որոնք արագ հարթվել են։

Թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում եւս դիմում-բողոքներ չեն ստացվել։ Այստեղ էլ ամփոփվում են Նոյեմբերյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքները։ Գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Վանուշ Ամիրաղյանի հետ մրցակցում էր անկուսակցական, ինքնաառաջադրված Քաջիկ Անանյանը։ Նախնական` դեռեւս ոչ պաշտոնական տվյալներով, այստեղ վերնըտրվել է գործող քաղաքապետը։

Բերդ քաղաքում գործող քաղաքապետ Անդրանիկ Շառյանը, մինչդեռ, ով առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից եւ ղեկավարում է համայնքը 2002 թվականից ի վեր, նախնական` դեռեւս ոչ պաշտոնական տվյալներով, մեծ թվով ձայների տարբերությամբ պարտվել է մեկ այլ հանրապետականի` ինքնաառաջադրված Հարություն Մանուչարյանին։ Նրանց հետ մրցակցում էր նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածու Հմայակ Ադամյանը, ով, սակայն, անհամեմատ քիչ թվով ձայներ է ստացել։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի են ունեցել Տավուշի մարզի 54 համայնքներում։