Շարմազանովը՝ Ալիեւին. «Իսկապես տարբերությունը շատ մեծ է»

Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր արձագանքել է նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե անկախության ժամանակահատվածի վրա հայացք նետելով կարելի է տեսնել, որ այս 20 տարիների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անդունդն ավելի է մեծացել:

«Ադրբեջանի ղեկավարի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ինքնախոստովանություն: Իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարբերությունը գնալով մեծանում է… Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատմամբ` Հայաստանը կառուցում է խաղաղ ժողովրդավարություն, մինչդեռ Ադրբեջանը՝ հորից որդի ժառանգաբար փոխանցվող ավտորիտար պետություն: Այսօր Հայաստանում խրախուսվում են ժողովրդավարական արժեքները, իսկ Ադրբեջանում՝ ռասիզմն ու ֆաշիզմը: Ավելին` աշխարհի ամենաազդեցիկ երկրների ղեկավարները բարձր են գնահատում Հայաստանի իշխանությունների` տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերը, միեւնուն ժամանակ` անխնա քննադատության ենթարկելով Ադրբեջանի ղեկավարի հակահումանիստական քայլը: Մեզ համար հերոսներ են մեր շախմատի հավաքականի տղաները, իսկ նրանց համար` քնած զինվորին կացնահարողը: Իսկապես տարբերությունը շատ մեծ է», - ասել է Շարմազանովը: