Երեւանում մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը

Եվգենի Կիսին

Դոմինգոյին, Ցուկերմանին եւ մի շարք այլ հանրահայտ երաժիշտների Երեւան հրավիրած «Երեւանյան հեռանկարներ» փառատոնը այս տարի կհյուընկալի աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին:

«Նա այսօր աշխարհի բոլոր բեմերում ամենասպասված դաշնակահարներից է», - ասում է փառատոնի գլխավոր մենջեր Սոնա Հովհաննիսյանը:

Երկու «Գրեմի» ու բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր երաժիշտը իր համերգը Երեւանում նշանակել էր 4 տարի առաջ:

«Կիսինը մեր դարի մեծանուն երաժիշտներից է, եւ նրա համերգը Հայաստանում սպասվել է տասնյակ տարիներ: Համերգի ձեւաչափը նա ընտրեց: Մենք մտածում էինք՝ գուցե մեր Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նվագի, բայց նա գերադասեց մենահամերգը, որը կունենա երկու բաժին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց Սոնա Հովհաննիսյանը:

Կիսինի համերգը Երեւանում կկայանա սեպտեմբերի 27-ին: Ծրագրում Բեթհովենի, Շուբերտի եւ Հայդենի ստեղծագործություններն են:

Շատ խիտ համեգային գրաֆիկով ապրող երաժիշտներին Հայաստան հրավիրելու համար փառատոնը Երեւանում ձգվում է ամիսներ. այն այս տարի մեկնարկել է ապրիլի 3-ին «Տոկիո» լարային քառյակի համերգով եւ կավարտվի նոյեմբերի 9-ին Նիդերլանդների թագավորական նվագախմբի համերգով:

«Մենք փառատոնի ընթացքում գործ ունենք ամենամեծանուն երաժիշտների հետ: Մենք չենք կարող իրենց ասել՝ եկեք այս ամսվա 10 օրվա ընթացքում: Եթե մենք փորձենք այդպես անել, պետք է ծախսեինք 10 անգամ ավելի շատ գումար եւ պետք է պլանավորենք փառատոնը 5 տարի առաջ: Այդ պատճառով մենք ունենում ենք գարնանային համերգաշար, ամառային եւ աշնանային, որպեսզի կարողանանք հայտնի երաժիշտներին Երեւան բերել», - հայտնեց Հովհաննիսյանը:

«Երեւանյան հեռանկարներ» փառատոնն այս տարի անցկացվում է 11-րդ անգամ: