Հանրապետական մաղթանք Մայր Աթոռում

Այսօր, Հայաստանի Անկախության 21-րդ ամյակի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հանրապետական մաղթանքի արարողություն` Գարեգին երկրորդ Ամենայն կաթողիկոսի հանդիսապետությամբ։ Այդ մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Վեհափառը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է. - «Անկախության հռչակմամբ մեր ժողովուրդն ընտրեց ազատ ապրելու եւ բարեշեն իր կյանքը կառուցելու դժվարին, բայց եւ արժանապատիվ ճանապարհը: Անկախության պատմությունը նորագույն մեր տարեգրության հրաշապատումն է` հյուսված մեր ժողովրդի արիասիրտ զավակների հավատքով ու տեսիլքով: Անկախությունը Աստծո պարգեւն է ի դիմաց այն զրկանքների ու կորուստների, որոնք մենք կրեցինք Ցեղասպանության եւ խորհրդային աստվածամերժության հալածանքների տարիներին: Այսօր մենք գոհություն եւ փառք ենք մատուցում Աստծուն, որ անկախության քսանմեկ տարիների ընթացքին արձանագրել ենք բազում ձեռքբերումներ ու հաջողություններ` ունենալով նաև դժվարություններ ու ձախողումներ»:

«Հավատում ենք, որ չնայած առկա մարտահրավերներին, պիտի շարունակենք հետեւողական ջանքերով, աննահանջ ոգով զորացնել հայոց պետականությունը` հերոսական նոր էջեր հավելելով մեր ժողովրդի տարեգրությանը», - իր ուղերձում գրել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։