«Հայկական կողմը մերժել է միջնորդների եւ նախարարների համատեղ հանդիպումը»

Ֆրանսիա - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը, Փարիզ, 2-ը սեպտեմբերի, 2012թ.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն առանձին: Հղում անելով ֆրանսիական դիվանագիտական աղբյուրներին` 1news.az ադրբեջանական լրատվամիջոցը հաղորդում է, որ հայկական կողմը մերժել է միջնորդների եւ երկու արտգործնախարարների համատեղ հանդիպումը:

Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում մասնակցելու են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին: Մամեդյարովը ելույթ է ունենալու սեպտեմբերի 28-ին, Նալբանդյանը՝ հոկտեմբերի 1-ին:

1news.az-ը փոխանցում է, որ Մամեդյարովը միջնորդներին հանդիպելու է սեպտեմբերի վերջին, պլանավորված է նաեւ Նալբանդյանի հանդիպումը միջնորդների հետ:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ հանդիպումների նպատակը երկու կողմերի միջեւ լարվածությունը մեղմացնելն է, քննարկվելու են նաեւ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու եւ ներում շնորհելու որոշումների հետ կապված զարգացումները:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահությանը Թուրքիայի միանալուն վերաբերող հարցին ֆրանսիացի դիվանագետը պատասխանել է, որ դա անհնարին է հայկական կողմի ուժեղ դիմակայության պատճառով:

Միաժամանակ, նշվել է, որ Ադրբեջանը սխալ պատկերացում ունի, թե Ֆրանսիան հայամետ դիրքորոշում է ցուցաբերում:

Ֆրանսիացի դիվանագետը նաեւ ասել է, թե պետք չէ չափազանցեցնել հայկական լոբբիի ազդեցությունը պաշտոնական Փարիզի դիրքորոշման վրա` նշելով, որ Ազգային ժողովի 577 պատգամավորներից միայն 4-5-ն են ընտրվում հայաբնակ շրջաններից:

«Վերջերս Եվրոպայում աճել է նաեւ Ադրբեջանի ազդեցությունը՝ իր էներգետիկ քաղաքականության շնորհիվ: Մենք կարող ենք ասել, որ երկու կողմերի՝ Ադրբեջանի ու Հայաստանի ազդեցությունը Եվրոպայում գործնականում համարժեք է», - ըստ 1news.az-ի` ասել է անունը բացահայտել չցանկացած դիվանագետը, նշելով, որ Ֆրանսիան` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, բոլոր ջանքերը գործադրում է դիրքորոշումները մերձեցնելու համար:

«Ֆրանսիան փորձում է բարեխղճորեն կատարել միջնորդի իր պարտավորութունը», - ասել է ֆրանսիացի դիվանագետը, հավելելով, որ Ֆրանսիան աջակցում է շփման գծից դիպուկահարների դուրսբերմանը` գտնելով, որ դա կարող է լինել առաջին քայլը կողմերի միջեւ վստահություն հաստատելու համար: