Փուչիկների գործով մեղադրյալը արագացված դատաքննություն խնդրեց

Փուչիկների գործով մեղադրյալ Սերոբ Բոզոյանը դատարանի դահլիճում, 14-ը սեպտեմբերի, 2012

Երեւանի Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի գործով միակ մեղադրյալ Սերոբ Բոզոյանը ուրբաթ օրը կայացած դատական նիստում խնդրեց դատական գործընթացն արագացված կարգով անցկացնել: Նա Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այս գործը քննող դատավոր Գագիկ Պողոսյանին նաեւ խնդրեց իրեն հանրային պաշտպան հատկացնել:

54-ամյա Բոզոյանը դատարանում կարճ խոսեց` պատմեց իր առողջական վիճակի մասին, ինչպես նաեւ պատասխանեց դատավորի հարցերին: Ասաց, որ մի քանի խոց, երկու ճողվածք ունի, որեւէ տեղ չի աշխատում, պատահական գործերով, այդ թվում` շինարարությամբ եւ փողոցային առեւտրով է զբաղվում:

Ըստ նախաքննական մարմնի, 54-ամյա Բոզոյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դեպքի միակ մեղադրյալն է: Հիշեցենք, մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համերգ-հանրահավաքի ժամանակ գազով լիցքավորված հարյուրավոր փուչիկների պայթյունի հետեւանքով տարբեր աստիճանի այրվածքներով մայրաքաղաքի հիվանդանոցներ տեղափոխվեցին 154 մարդ` հիմնականում երիտասարդներ:

Այս գործի շրջանակներում ոստիկանությունը հարցաքննեց 250 մարդու, այդ թվում` հանրահավաքը կազմակերպող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների, սակայն գտավ, որ այս ամենի մեղավորը Երեւանի բնակիչ, երկու անչափահաս երեխաների հայր Սերոբ Բոզոյանն է: Նա, ըստ նախաքննական մարմնի, տնային պայմաններում դյուրավառ գազով լիցքավորել է 7 հազար փուչիկ, որոնց մի մասն էլ ՀՀԿ-ի հանրահավաքի ժամանակ բռնկվեցին:

Հարուցված քրեական գործով Բոզոյանը մեղադրվում է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու մեջ: Ըստ մեղադրանքի` Բոզոյանը տանը թողարկել, ապա իրացրել է սպառողների կյանքի եւ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ, որի հետեւանքով նույն օրը 228 մարդկանց անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Եթե Բոզոյանի մեղքն ապացուցվի, ապա նրան սպառնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատակի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը 5 տարի ժամկետով:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե ինչո՞ւ նախաքննությունը մեղավոր ճանաչեց միայն մեկ անձի` այսպիսով որեւէ պատասխանատվության չկանչելով փուչիկները պատվիրած ՀՀԿ-ին, ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը փոխանցեց, որ գործն արդեն դատարանում է, ու իրենք իրավասություն չունեն արդեն դատաքննության փուլի մտած գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն անել:

Մինչդեռ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության բաժնի պետ Արսեն Այվազյանը երկու ամիս առաջ, երբ գործը գտնվում էր նախաքննության փուլում, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր, որ նախաքննությունը կտա բոլոր հարցերի, այդ թվում` եւ այս հարցի պատասխանը: Այվազյանը ասել էր, թե գործի քննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի օրենսդրությունում բաց է այն հատվածը, որը սահմանում է մեթան գազի կիրառումը այլ տեղերում՝ բացի գազալցակայաններից ու կենցաղում։ Այլ կերպ ասած՝ փուչիկների` մեթան գազով լիցքավորումը արգելող իրավական փաստաթուղթ չկա:

Դատարանը այսօր որոշեց դատը հետաձգել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին: