Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին։

Խորհրդարանի այսօրվա նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրապարակեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը։

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, պատգամավորի լիազորությունները դադարեցվում են, եթե հրաժարականի հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում նա հետ չի վերցնում իր դիմումը։

Րաֆֆի Հովհաննիսյանը, ով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր էր ընտրվել ինչպես 2007 թվականի մայիսի 12-ին, այնպես էլ 2012 թվականի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, արդեն երկրորդ անգամ է պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնում։ Մանդատից հրաժարվելու մասին իր նախորդ՝ 2009 թվականի սեպտեմբերի 2-ին ներկայացված դիմումը Րաֆֆի Հովհաննիսյանը հետ էր վերցրել՝ շարունակելով մնալ պատգամավոր։


Ռուզաննա Ստեփանյան