Թուրքիան «ապշած է» եւ պնդում է, որ «ներգրավված չի եղել»

Պաշտոնական Անկարան «ապշած է» այն կապակցությամբ, որ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի` հունգարական իշխանությունների կողմից էքստրադիցիայի ենթարկվելուց եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներման արժանանալուց հետո Միացյալ Նահանգների հայկական սփյուռքի հակազդեցությունը ուղղվեց նաեւ Թուրքիայի դեմ։ Այդ մասին երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը։

«Այդ ջանքերը եւ անհիմն պնդումները Թուրքիայի դեմ, որը ներգրավված չի եղել գործընթացի որեւէ փուլում, ոչ ավելին են, քան զրպարտության հերթակա փորձը չարամիտ շրջանակների կողմից, որոնք սովորաբար առճակատում են Թուրքիայի հետ բոլոր հարթակներում», - ասված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում։

Սա, փաստորեն, Թուրքիայի առաջին պաշտոնական հայտարարությունն է ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակման փաստի կապակցությամբ. մինչ այդ Անկարան տվյալ թեմայով լռություն էր պահպանում։