Հունգարիայում ներքաղաքական իրավիճակը սրվել է

Հունգարիա -- Բողոքի ակցիա Բուդապեշտում, 4-ը սեպտեմբերի, 2012թ․

Հունգարացի քաղաքագետ Զոլտան Բիրոյի խոսքով, հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու՝ հունգարական կառավարության քայլը քննադատրության է արժանանում քաղաքական ուժերի եւ հանրության կողմից։

«Ակնհայտ է, որ դա հունգարական իշխանության պարզամտության կամ ոչ իրազեկության դրսեւորումն էր կամ էլ դա պայմանավորված է եղել տնտեսական գործարքներով», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց Զոլտան Բիրոն, - «Հունգարական հանրության մտածող մասին շատ է հիասթափեցրել հունգարական կառավարության պահվածքը»:

Քաղաքագետի խոսքով, կառավարությանը քննադատում են բոլոր կուսակցությունները, բացի իշխող «Ֆիդեսզ» պահպանողական կուսակցությունից:

Առանձնապես սուր քննադատությամբ են հանդես գալիս խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները՝ Սոցիալիստական կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը, ինչպես նաեւ Դեմոկրատական կոալիցիան: Քաղաքագետը հատկապես կարեւորեց Հունգարայի խորհրդարանական հանձնաժողովներում կառավարության պատասխանատվության հարցի շուրջ քննարկումներ կազմակերպելու՝ 3 ընդդիմադիր ուժերի նախաձեռնությունը:

«Այս շաբաթ այդ հարցը կքննարկվի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում», - նշեց հունգարացի քաղաքագետը՝ չբացառելով, որ հարցը քննարկման առարկա դառնա նաեւ Հունգարիայի խորհրդարանի լիագումար նիստում:

Վերջին օրերին, ըստ Զոլտան Բիրոյի, կառավարությանը չի վարանում քննադատել անգամ «Յոբբիկ» աջ-արմատական կուսակցությունը, որը թեեւ կառավարության մաս չի կազմում, բայց շատ դեպքերում աջակցում է կառավարության ազգայնական-պահպանողական նախաձեռնություններին:

Այսօր այս թեմային է անդրադարձել նաեւ հունգարական մամուլը։ The Budapesht Times թերթն ուշադրություն է հրավիրում սոցիալական ցանցերում դրսեւորվող աննախադեպ ակտիվությանը․ «Հեյ, Հայաստան, ներողություն ենք խնդրում մեր վարչապետի համար» անվանմամբ ֆեյսբուքյան նախաձեռնության անդամների թիվն, ըստ The Budapesht Times-ի, հասել է 9000-ի, իսկ «Մեկ միլիոն՝ հանուն հունգարական մամուլի ազատության» կազմակերպությունը մտադիր է բողոքի ակցիաներ անցկացնել՝ զորակցելով Հայաստանին:

The Budapesht Times-ը մեջբերում է նաեւ երեկվա բողոքի ակցիայի ժամանակ դեմոկրատական կոալիցիայի ղեկավար, նախկին վարչապետ Ֆերենց Գյուրցզանի հայտարարությունները։ - «Կառավարությունը, որը պատրաստ է երկրի պատիվը ծախել հանուն 30 արծաթի եւ ազատել մարդասպանին, որն իրականում մահապատժի էր արժանի, դժվար թե իրավունք ունենա էթիկա դասավանդել դպրոցներում»,- ասել է Հունգարիայի նախկին վարչապետը:

Միջազգային լրատվամիջոցները եւս անդրադարձել են Հունգարիայում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։ «Ռոյթերզ» գործակալությունը փոխանցում է բողոքի ակցիայի մասնակիցներից Լազլո Մուհարիի խոսքերը.- «Մարդասպաններին չի կարելի արտահանձնել մի երկրի, որտեղ էթնիկ հողի վրա ատելությունը պարզորոշ կերպով համարվում է հերոսություն: Ժողովրդավարական երկրում դա անընդունելի է»: