Սիրիահայ երեխաները առայժմ կմնան Հայաստանում

Հայաստան - Սիրիահայ երեխաները Հանքավանի ճամբարում, 13-ը օգոստոսի, 2012թ․

Հայաստանի Հանքավան հանգստյան գոտում երկշաբաթյա հանգիստն անցկացնող 150 սիրիահայ երեխաներ այսօր Հալեպ չեն վերադառնա, քանի որ հակամարտության սրման արդյունքում «Արմավիա»-ն ստիպված է եղել անորոշ ժամկետով դադարեցնել Երեւան - Հալեպ – Երեւան թռիչքները։

Այսօր ամառային հանգիստն Հայաստանում անցկացրած հալեպահայ երեխաների վերջին խումբը պետք է վերադառնար Սիրիա: Բայց Հայաստանի կառավարությունը կշարունակի նրանց պահել Հանքավան ճամբարում այնքան ժամանակ, մինչեւ «Արմավիա»-ն վերականգնի իր չվերթները:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը:

Նա նշում է, որ անհրաժեշտություն չկար ոչ այս, ոչ էլ արդեն Սիրիա մեկնած երեխաներին գոնե ժամանակավորապես հեռու պահել պատերազմական գործողություններից, քանի որ նրանց ծնողները նման խնդրանքով Հայաստանի կառավարություն չեն դիմել: Իրենք էլ ծնողների փոխարեն նման որոշում չէին կարող կայացնել: Հայաստանի կառավարության միջոցներով Հանքավանում իրենց ամառային հանգիստն անցկացրեցին ավելի քան 400 սիրիահայ երեխա, որոնցից 150-ը փաստորեն դեռ Հայաստանում է:

«Այս պահի դրությամբ ծնողները սպասում են երեխաներին, եւ երեխաներն էլ, մեծ տպավորություն ստանալով հայրենիքում, շատ լավ ժամանակ անցկացնելով, այդուհանդերձ ցանկանում են վերադառնալ իրենց ծնողների մոտ», - նշեց հավելեց Ֆիրդուս Զաքարյանը։

Զաքարյանի տվալներով, Հայաստանում ամառային հանգիստն անցկացրած երեխաների նախորդ երկու խմբերից միայն 5 երեխա հետ չի վերադարձել Սիրիա, այն էլ ծնողների` Հայաստանում գտնվելու պատճառով: «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե եթե Հայաստանի կառավարությունը որոշեր ավելի երկար պահել սիրիահայ երեխաներին, ծնողները դեմ կլինեի՞ն, Զաքարյանը նշեց, որ նման հարց չի քննարկվել: Բայց եթե նման խնդիր դրվեր իրենց առջեւ, իրենք պատրաստ էին ավելի երկար պահել սիրիահայ երեխաներին․ - «Բոլոր դեպքերում, եթե ծնողները նման խնդիր դնեին, մենք ճիշտ է՝ այդ մասին բարձրաձայն չէինք ասել, բայց երկու շաբաթով ավելի պահելու տարբերակներ ունեինք։ Իրենց այս ուշացման պահը մեզ համար անակնկալ չէր, որովհետեւ ենթադրվում էր, որ կարող են լինել նաեւ այսպիսի պահեր ոչ միայն այս 153 հոգու, այլեւ նախորդ խմբերի համար»։

Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը երեկ հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները դեպի Սիրիա՝ «Սիրիական ազատ բանակի»` ապստամբների առաջնորդների կողմից անցած շաբաթ հնչեցված սպառնալիքների, ինչպես նաեւ սիրիական կողմի հետ կապի բացակայության պատճառով: Ապստամբները հայտարարել էին, թե կոչնչացնեն Հալեպի եւ Դամասկոսի օդային տարածքներում հայտնված բոլոր օդանավերը:
Զաքարյանը հույս ունի, որ «Արմավիա»-ի հայտարարած անորոշ ժամկետը երկար չի տեւի ու հնարավոր կլինի սիրիահայ երեխաներին ետ ուղարկել Հալեպ:

Սիրիահայ երեխաների տեղափոխման ծախսերը «Արմավիա»-ին վճարել է կառավարությունը բարերարների հատկացրած գումարների հաշվին:

Ընդհանուր առմամբ, թռիչքների համար հատկացվել է շուրջ 180.000 եվրո ու «Արմավիա»-ն պարտավոր էր իրականացնել չվերթները: Ավիաընկերությունը հայտարարել է, թե կվերականգնի թռիչքները, երբ այլեւս սպառնալիքներ չհնչեն:

Your browser doesn’t support HTML5

Սիրիահայ երեխաները առայժմ կմնան Հայաստանում