ԱՄՆ-ում մեկնարկում է դեմոկրատների համագումարը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում Սպիտակ տանը, Վաշինգտոն, 28-ը օգոստոսի, 2012թ.

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոթ քաղաքում մեկնարկել է Դեմոկրատական կուսակցության եռօրյա համաժողովը, որի ընթացքում Բարաք Օբաման պաշտոնապես կառաջադրվի որպես նախագահի թեկնածու:

Դեմոկրատների համագումարին մասնակցում են շուրջ 6 հազար պատվիրակներ 50 նահանգներից։

Համագումարին ելույթ կունենան Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին, առանցքային ելույթներից մեկն էլ Թեքսասի Սան Անտոնիո քաղաքի քաղաքապետ 37-ամյա Ջուլիան Կաստրոյի ճառն է լինելու։

Ընդհանրապես, այսպիսի կուսակցական համագումարների ժամանակ ելույթ ունեցողները ուշադրության են կենտրոնում են. օրինակ, 2004 թվականին դեմոկրատների համագումարի ընթացքում առանցքային ելույթ ունեցողներից էր Բարաք Օբաման, ով 4 տարի անց զբաղեցրեց նախագահի պաշտոնը։

Դե իսկ գլխավոր ելույթը հինգշաբթի երեկոյան 75 հազար ներկաների առջեւ կունենա Բարաք Օբաման։

Նախագահի ելույթը գաղտնի է պահվում, հայտնի է միայն, որ տեքստի վրա անձամբ աշխատում է Բարաք Օբաման, իսկ ճառի առանցքում միջին խավի խնդիրներն են լինելու։

Reuters/Ipsos-ի անցկացրած հարցումների համաձայն, որոնց 1400 ամերիկացի է մասնակցել, Բարաք Օբամայի եւ հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի վարկանիշները այժմ գրեթե հավասար են՝ մոտ 45 տոկոս։

Վերլուծաբանները, սակայն, ակնկալում են, որ Օբամայի վարկանիշը դեմոկրատների համագումարից հետո կբարձրանա։