Ախթալայի քաղաքապետի եղբոր տունը ենթարկվել է հարձակման

Your browser doesn’t support HTML5

-

Երեկ ուշ երեկոյան հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզի Ախթալա քաղաքի գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի տան վրա:

Փաստի առնչությամբ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Հայկ Խաչիկյանի տունը գտնվում է իրավապահների շուրջօրյա հսկողության տակ:

Գործով ձերբակալվածներ դեռեւս չկան, հանցագործները գտնվում են փախուստի մեջ:

Քաղաքապետի մյուս եղբայրը` Գարիկ Խաչիկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ մինչեւ հարձակումը Շնող գյուղի բնակիչ Էդգար Հախվերդյանը իրեն սպառնացել էր. - «Ես բարձրանում է դեպի տուն, Էդգարը զենքը պահեց վրաս ` թե փախիր, ձեր տունը վերացնելու եմ»:

Տեղեկանալով իրենց սպառնացող վտանգի մասին` թաքնվել են նաեւ քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը եւ Կարեն Խաչիկյանի կինը` Սյուզաննա Հովհաննիսյանը: Վերջինս իր երկու անչափահաս երեխաների հետ թաքնվել է հարեւանի տանը:

Սյուզաննային ոստիկանությունում արդեն հարցաքննել են: «Ազատություն» ռադիոկայանին նա պատմեց, որ տեսել է երեք անձանց, այդ թվում` Էդգար Հախվերդյանին, Արսեն Չիչյանին («Պոդոլ» մականունով), որոնք վնասել են իրենց բակում կայանված քաղաքապետի ավտոմեքենան, իսկ հետո բարձրացել են Կարեն Խաչիկյանի բնակարանը, կոտրել են դուռը, վնասել են տան գույքը:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, միջադեպից հետո Կարեն Խաչիկյանն ու իր ազգականներից մեկը գնացել են Արսեն Չիչյանի տուն, վնասել են գույքը, հարվածել տան անդամներին:

«Վանաձորից եկել եմ տուն, տեսել եմ հարսը վատ վիճակում, երեխաները չկան: Մտածել եմ, որ երեխաներին վնաս են տվել: Ես մտածել եմ, որ նրանց կամ սպանել են, կամ տարել են: Էլ չգիտեմ դրանից հետո ինչ եմ արել, ոնց եմ արել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Հայկազ Խաչիկյանը, նշենք, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրն է։

Դեռեւս հստակ չէ նաեւ` կապ ունի՞ արդյոք միջադեպը Ախթալայի քաղաքապետի` սեպտեմբերի 9-ի ընտրությունների հետ։

Թեկնածուները երկուսն են` Հայկազ Խաչիկյանը եւ նույպես հանրապետական, ինքնառաջադրված Սուրեն Թամազյանը, ում սատարում է Արսեն Չիչյանը: