«Օքսֆորդ անալիտիկա»-ն անդրադարձել է սիրիահայ համայնքի խնդիրներին

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Բրիտանական «Օքսֆորդ անալիտիկա» հետազոտական կենտրոնը հանդես է եկել «Սիրիահայության դժվարին դրությունը բացահայտում է Սփյուռի իրականություն» խորագրի ներքո հրապարակմամբ, որում փորձ է արվում Սիրիայում ծավալվող իրադարձությունների համատեքստում գնահատել սիրիահայ համայնքի հետագա ճակատագիրն ու հնարավոր զարգացումները:

Հոդվածն արձանագրում է, որ ամենամեծ քրիստոնեական համայնքը ձեւավորած սիրիահայությունը ներկայումս հայտնվել է բավականին խոցելի վիճակում, քանի որ հայերն այստեղ համարվում եւ ընկալվում են նախագահ Բաշար Ասադի ռեժիմի կողմնակիցներ ու աջակիցներ:

«Տեւական ժամանակ բարեկեցիկ կյանքով ապրած հայերը, ովքեր վայելել են իշխանության բարեհաճությունը, այժմ խոցելի են սիրիական ընդդիմադիրների առջեւ: Մինչդեռ հայերի տնտեսական մեծ ներուժն ու առեւտրային կապերը օգտակար կարող են լինել ցանկացած կառավարության համար», - ասված է հրապարակման մեջ:

Հոդվածում սիրիահայության խնդիրները դիտարկվում են նաեւ Հայաստան – Սփյուռք հարաբերությունների համատեքստում: Արձանագրվում է, մասնավորապես, որ սիրիական ճգնաժամը բացահայտ դարձրեց Հայաստանի Հանրապետությունից սփյուռքահայության սպասելիքների չափազանցվածությունը:

Սփյուռքահայությունը, ըստ վերլուծական կենտրոնի, խիստ քննադատության է ենթարկում Հայաստանի իշխանություններին սիրիահայերի խնդիրներին հավուր պատշաճի չարձագանքելու համար: «Սակայն այս ճգնաժամը դիմագրավելու համար պաշտոնական Երեւանը շատ սահմանափակ հնարավորություններ ունի», - նշում է «Օքսֆորդ անալիկա»-ն` արձանագրելով, որ Հայաստանն իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք միտված են սիրիահայության անվտանգության խնդիրների լուծմանը:

«Բացի Հայաստան մեկնել ցանկացող սիրիահայերի մուտքի եւ կացության խնդիրները հոգալուց, Հայաստանը նաեւ դիվանագիտական խողովակներով փորձում է սիրիահայության անվտանգության խնդիրներն արծարծել ինչպես սիրիական իշխանությունների, այնպես էլ ընդդիմադիրների հետ իր շփումներում: Այս ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կատարած որոշ քայլեր երբեմն անտեսանելի են մնում», - ասված է հրապարակման մեջ:

«Օքսֆորդ անալիտիկա»-ն նաեւ նկատում է, որ կապված ներհայաստանյան խնդիրների հետ` աշխատատեղերի բացակայություն, կոռուպցիա եւ այլն, Հայաստան եկող սիրիահայերը այս երկիրը հաճախ դիտարկում են իբրեւ ժամանակավոր բնակատեղի, որտեղից հետագայում շատերը փորձ կանեն տեղափոխվել հյուսիսամերիկյան կամ եվրոպական երկրներ:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձավ հրապարակման այն հատվածին, որը վերաբերում է Սփյուռքի կողմից Հայաստանի իշխանություններին հասցեագրված քննադատությանը: Այդ քննադատությունը «Օքսֆորդ անալիտիկա»-ն մեծապես պայմանավորում է հայ-թուրքական մերձեցման` արդեն կասեցված գործընթացի առնչությամբ Սփյուռքում առաջացած երբեմնի մտահոգություններով:

«Հաշվի առնելով ներկա իրողությունները` կարելի է կանխատեսել, որ հյուսիսային Սիրիան, որտեղ կենտրոնացած է հայերի մեծամասնությունը, կարող է վերածվել բուֆերային գոտու, իսկ այնուհետեւ հայտվել Թուրքիայի անմիջական ազդեցության տակ: Այդ տարածքում կարող են տեղակայվել նաեւ թուրքական բանակային ստորաբաժանումներ, եւ դա լուրջ սպառնալիք կարող է լինել սիրիահայության համար», - ասաց վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է սիրիական ընդդիմադիրների` իբրեւ այդ երկրի իշխանության հավակնորդների կողմից սիրիահայությանը սպառնացող ապագա վտանգներին, ապա Կիրակոսյանը նշեց. - «Եթե սիրիական ընդդիմության ղեկավարությունը գործի առավել ճշգրիտ ռազմավարությամբ, ապա պետք է գիտակցի, որ նոր իշխանությունը եւս պետք է ունենա հայկական համայնքի ու նրա տնտեսական կարողությունների կարիքը` իշխանության հասելու պարագայում այն պահելու համար»:

Your browser doesn’t support HTML5

«Օքսֆորդ անալիկա»-ն անդրադարձել է սիրիահայ համայնքի խնդիրներին