Ընդհարումներ ռուս-վրացական սահմանին. կան զոհեր

Վրացական ոստիկանության դիպուկահարները Լոպոտա կիրճում, 29 օգոստոսի, 2012

Ռուս - վրացական սահմանի դաղստանյան հատվածում իրականացրած հատուկ գործողության հետեւանքով զոհվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ջոկատի երեք եւ վիրավորվել հինգ ծառայող: Վրաստանի ներքին գործերի նախարարության այս հաղորդագրությունը փոխանցում է «Գուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով` սպանվել են դիվերսիոն խմբավորման 11 անդամներ, վեցը շրջապատման մեջ են: Վրաստանի հատուկ ջոկատայինները գիշերվանից հատուկ գործողություններ են իրականացնում գերիների ազատագրման եւ զինված խմբի վնասազերծման նպատակով: «Իմեդի» հեռուստաընկերության տվյալներով՝ Վրաստանի տարածք են ներխուժել 20 գրոհայիններ:

Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շոթա Խիզանիշվիլին տեղեկացրել է, որ ռուս-վրացական սահմանին գերեվարված քաղաքացիներն արդեն ազատ են արձակվել:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որտեղ նշված է, որ Լոպոտա կիրճում շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները՝ զինված խմբավորումը չեզոքացելու նպատակով:

Միաժամանակ վերջին օրերին բավականին լարված իրավիճակ է Դաղստանում: Երեկ Դաղստանում իր տանը սպանվեցին շեյխ Սաիդ Աֆանդի Չիրկեյսկին եւ եւս վեց հավատացյալներ՝ մահապարտ ահաբեկչի գործադրած պայթուցիկից: Զոհվածներից մեկը 12-ամյա տղա է: Այս կապակցությամբ այսօր Դաղստանում հայտարարվել է սուգ:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության մեկնաբան Կոբա Լիկլիկաձեն մեզ հետ զրույցում ասաց, թե դեռ հայտնի չէ Լոպոտա կիրճում հայտնաբերված զինված գրոհայիններն ովքեր են, ինչ ազգի ներկայացուցիչներ են:

«Դեռ հնարավոր չէ հստակ ասել, քանի որ որքան էլ տարօրինակ է, ավելի վաղ գերի ընկածները տեսաձայնագրություններում գրոհայիններին նկարագրում են որպես լավ զինված, ռազմական հագուստով, մորուքավոր տղամարդկանց, բայց չի նշվում, թե նրանք որ լեզվով են խոսում: Չի հստակեցվում նաեւ նրանց ազգությունը: Բայց քանի որ խոսքը գնում է այն մասին, որ նրանք դիվերսիոն խմբի անդամներ են, մենք կարող ենք ենթադրել, որ դա կարող է լինել ինչպես որեւէ բանակի ստորաբաժանում, այնպես էլ ապօրինի զինված խմբավորում: Այդ մասին հավանաբար ներքին գործերի նախարարությունը հայտարարություն կանի», - ասաց «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության մեկնաբան Կոբա Լիկլիկաձեն՝ ավելացնելով, որ այս հարցն անչափ կարեւոր է ռուս-վրացական հարաբերությունների համատեքստում: