«Պետք է աշխատենք, որ ապրենք»

Your browser doesn’t support HTML5

24-ամյա Կոմիտաս Միրիջանյանը իր ծնողների հետ Սիրիայից Հայաստան է տեղափոխվել երեք ամիս առաջ։ Այստեղ աշխատանք է փնտրել տուրիստական ոլորտում։ Ռուսերենի չիմացության պատճառով չի կարողացել գտնել, բայց արդեն 2 շաբաթ է՝ որպես բարմեն է աշխատում։

«Ես Հալեպում հյուրանոցում էի աշխատում։ Երբ որ այստեղ եկա, ուզում էի նույնպես հյուրանոցում աշխատել, բայց շատ տեղեր փորձել եմ աշխատել, բայց միակ պատճառը որ եղավ, այն էր, որ ռուսերեն չգիտեմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց Կոմիտասը։

Նա ասում է, որ Սիրիայում անհամեմատ ավելի բարձր աշխատավարձ էր ստանում, սակայն հստակ որոշել է, որ ծնողների հետ Հայաստանում է բնակություն հաստատելու։

Կոմիտասը նպատակ ունի շուտափույթ ռուսերեն սովորել, որպեսզի նոր՝ ավելի բարձր վճարվող աշխատանքի տեղավորվի։

Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն ասում է, որ աշխատանքի տեղավորման հարցով իրենց նախարարություն է դիմել մոտ հարյուր սիրիահայ։ Նախարարությունը կարողացել է օգնել միայն 15 հոգու։

«Այստեղ հոգեբանական խնդիր էլ գոյություն ունի։ Մարդը, որը այնտեղ ստացել է 1500 դոլար աշխատավարձ, այսօր Հայաստանում այն աշխատանքը, որ մենք առաջարկում ենք, հազիվ 200-300 դոլարին համարժեք դրամով կարող է փոխհատուցվել», - ասում է Սփյուռքի նախարարության ներկայացուցիչը, - «Նրանք սկզբում չեն համաձայնում աշխատել, սակայն հետո, տեղեկանալով, որ հայաստանյան աշխատաշուկան ավելի բարձր աշխատավարձ չի առաջարկում, համաձայնում են նաեւ ոչ իրենց մասնագիտությամբ աշխատել»։

Հալեպից Հայաստան եկած Սարգիս Դեգեմենջյանը այն 15 մարդկանցից մեկն է, ով աշխատանքի է տեղավորվել Սփյուռքի նախարարության միջնորդությամբ։

«Սվարկիչ եմ աշխատում։ Սվարկա եմ անում։ Ձեր լեզվով եմ խոսում, որ հանգիստ հասկանաք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց նա։

Սարգիսը աշխատում է արդեն մոտ մեկ շաբաթ։ Հալեպում գրեթե նույն աշխատանքն էր անում, բայց անհամեմատ ավելի շատ գումար վաստակում։

«Գործակալությունից ասացին, որ կարող է 150-200 հազար լինի։ Ասացի՝ դե լավ, ոչինչ, պարապ ման գալու փոխարեն գոնե աշխատեմ։ Տանը նստելով բան չես կարող անել», - ասում է նա։

Դեգեմենջյանների ընտանիքը դեռ չի որոշել՝ մնալու են Հայաստանում, թե՞ վերադառնալու են։ Սիրիայում իրենց տունն ու խանութն են թողել։ Բայց քանի դեռ այստեղ են, ուզում են աշխատանքն ունենալ, որպեսզի առօրյա հոգսերը հոգան։

«Սիրիայից գումար բերել ենք, բայց դա չի բավականացնի։ Պետք է աշխատենք, որ ապրենք», - ասում է Սարգիսը։

Your browser doesn’t support HTML5

«Պետք է աշխատենք, որ ապրենք»