Ադրբեջանի բանակում զինվոր է սպանվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության` «ճակատամերձ գոտում» տեղակայված զորամասերից մեկում միջադեպ է տեղի ունեցել զինվորների միջեւ, որը ավարտվել է սպանությամբ, հաղորդում է APA լրատվական գործակալությունը։

Ադրբեջանական գործակալության փոխանցմամբ` զինծառայողներ Սեւմյաթ Սարբալաեւի եւ Օրհան Ալիեւը միջեւ վեճ է բռնկվել, որը վերածվել է ծեծկռտուքի, եւ Սարբալաեւը դանակահարել է Ալիեւին։ Վիրավորված զինվորին շտապ տեղափոխել են Գերանբոյի հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը հաստատել է փաստը, որի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։

APA-ն նշում է նաեւ, որ Ալիեւի ծառայության ավարտին մնում էր երկու ամիս։

Այս ամռանը Ադրբեջանի զինված ուժերում մարտական գործողությունների հետ կապ չունեցող հանգամանքներում զինծառայողների մահվան, ինքնասպանության տասնյակ դեպքեր են գրանցվել։