Սիրիահայերը խուսափում են խոսել Հալեպում տիրող իրավիճակի մասին

Սիրիահայերը շարունակում են ժամանել Երեւան, արխիվ

«Արմավիա»-ի հերթական չվերթով երեկ Հալեպից Երեւան ժամանած 82 սիրիահայերի մեծ մասը խուսափում էր որեւէ տեղեկություն հաղորդել Սիրիայում կատարվող իրադարձությունների մասին։

Մեզ հետ զրույցում նրանցից շատերն ասում էին, որ Հալեպում վիճակը լավ է, սննդի խնդիր չկա, բայց եւ տեղյակ են այն մասին, որ հայկական համայնքը հայերին նյութական աջակցություն է ցուցաբերում։

«Լավ ենք, հայրենիքն էլ լավ է, այնտեղ էլ լավ է», - նշեց մի տղամարդ։

«Ամեն ինչը նորմալ է։ Խանութները բաց են։ Շատ լավ է մեր քաղաքը։ Բայց մենք հայրենիք եկանք շրջելու», - հավելեց սիրիահայ մի կին։

«Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկումը, թե անցած ուրբաթ Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասում մի հայ աղջիկ զոհվեց, Հալեպից եկածները կամ անպատասխան էին թողնում, կամ ասում, որ տեղյակ չեն։

Երեկ Հայաստան եկածներից միայն մի տարեց մարդ էր, որ հակառակ կարծիք էր հայտնում:

«Քաղաքը տակնուվրա է։ Ճանապարհները դժվար են, մանավանդ հայկական թաղամասերում։ Ամեն թաղում կառավարության պահակներ կան եւ հայտնի չէ՝ կառավարությունն են, կամ ոչ կառավարությունը», - ասում էր նա։

Մինչդեռ միջազգային լրատվամիջոցներն ու նաեւ Հայաստան տեղափոխված սիրիահայերը շարունակում են ասել, որ Հալեպում բնականոն կյանքը կաթվածահար է եղել, փողոց դուրս գալը վտանգավոր է, սնունդ չկա, խանութները փակ են: Անցած ուրբաթ էլ հայազգի մի աղջիկ էր զոհվել ռումբի պայթյունից:

Սփյուռքի նախարարության տվյալներով, այժմ Հայաստանում 1700 սիրիահայ կա: Նրանցից շուրջ 100-ը դիմել է նախարարություն` աջակցություն խնդրելով աշխատանքի տեղավորվելու հարցում: Նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նախագահ Ֆիրդուս Զաքարյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենց օգնությամբ երկու տասնյակ սիրիահայ է տեղավորվել աշխատանքով: Սիրիահայերի մի մասը աշխատանք է գտնում Հայաստանում ավելի վաղ հաստատված սիրիահայերի օգնությամբ:

Ոստիկանության տվյալներով, այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար ՀՀ ոստիկանություն է դիմել շուրջ 3600 սիրիահայ։

Your browser doesn’t support HTML5

Սիրիահայերի պնդմամբ, Հալեպում իրավիճակը «լավ է»