ԲՀԿ-ն ՀՀԿ-ին «սատարել չի կարող»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյան, արխիվ

Տեղական ինքնակառավարման ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) չի կարող սատարել Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ), շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

«ԲՀԿ-ն ՀՀԿ-ին սատարել չի կարող, ԲՀԿ-ն ՏԻՄ ընտրությունների ժամանակ կարող է սատարել կամ չսատարել արդյունավետ վարչարարություն, որակյալ մունիցիպալ կառավարում իրականացնելու ունակ անհատներին, համայնքների ղեկավարներին: Չի կարող ԲՀԿ-ն սատարել ՀՀԿ-ին», - ասաց Ուրիխանյանը:

ՀՀԿ-ն, մինչդեռ, նախօրերին պաշտոնական որոշում էր կայացրել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածու Սամվել Բալասանյանին սատարելու վերաբերյալ:

Այս առումով Ուրիխանյանը նշեց, որ դա ՀՀԿ-ի որոշումն է, ՀՀԿ-ի հետ իրենք ոչ մի պայմանավորվածություն չունեն:

«Ամենակարեւոր, ամենամեծ, ամենանշանակալի պայմանավորվածությունը, որը մենք պարբերաբար ունենում ենք, հայաստանցիների հետ է, եւ ընտրողների հետ է համապատասխան ընտրությունների ժամանակ, տվյալ դեպքում գյումրեցիների հետ», - ասաց նա:

Անդրադառնալով Մասիսի ընտրություններին՝ ԲՀԿ խոսնակը ասաց, որ դեռեւս վերջնական որոշում չեն կայացրել, թե որ թեկնածուին են սատարելու: Մասիսի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է երեք ԲՀԿ-ական թեկնածու:

«Քննարկումներ եղել են, դեռ շարունակվում են, ես ինքս դրանց մասնակցել եմ, կարծում եմ, որ օրերս ձեզ կտեղեցնենք», - ասաց Ուրիխանյանը:

ԲՀԿ խոսնակը նաեւ ասաց, որ կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր կառուցողական ուժերի հետ, եթե վերջիններս իրենց առջեւ նախապայմաններ չդնեն՝ հավելելով, որ ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի միայն այն դեպքում, եթե կաշկանդված չլինի քաղաքական պարտադրանքներով:

«Մենք պատրաստ ենք ցանկացած պահի ստանձնելու մասնակի կամ ամբողջական պատասխանատվություն երկրի կառավարման համար, բայց այն դեպքում, եթե չլինեն որեւէ նախապայմաններ, եթե մենք ունակ լինենք իրականացնելու մեր ուրույն, սեփական քաղաքական կուրսը», - մանրամասնեց նա:

Ուրիխանյանը զերծ մնաց որեւէ բան ասել նախագահական ընտրությունների վերաբերյալ՝ արդյոք ԲՀԿ-ն կառաջադրի՞ իր թեկնածուին, թե՞ ընդդիմության հետ հանդես կգա մեկ, միասնական թեկնածուով:

Ինչ վերաբերում է կառավարությանը, ԲՀԿ խոսնակը հայտարարեց, որ կուսակցության դիրքորոշումը չի փոխվել, իրենք կողմ են կառավարության ղեկավարի փոփոխությանը: