Երեւանում բարձրացել են բնակարանների վարձույթի գները

Վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում մայրաքաղաքում բարձրացել են բնակարանների վարձույթի գները:

Ըստ անշարժ գույքի գործակալություններից մեկի տնօրենի` դա պայմանավորված է պահանջարկի աճով. - «Փոփոխություն նկատվում է, մասնավորապես, վարձույթի ոլորտում, քանի որ Սիրիայից բավականին ստվար զանգված ժամանում է Հայաստան, հաստատվում է մեկ ամիս, երկու ամիս, անորոշ ժամկետով: Նկատվել է մոտավորապես 20-30 տոկոս գնաճ վարձակալական գների մեջ: Եթե անցած տարի կարող էին մեկ ամսով վարձել 1500 դոլարով, այս տարի 1800-ով մի կերպ ճարում ենք: Ազատ բնակարաններ գրեթե չկան, շատ քիչ են»:

Նրա խոսքով, եթե 1-2 ամիս առաջ Սիրիայից եկածները ավելի թանկարժեք բնակարաններ էին պահանջում կարճ ժամկետով, ապա այսօր ցանկանում են ավելի ցածր գնով բնակարաններ վարձել. - «Հասկանալով, որ կարող է ձգվել մինչեւ 6 ամիս կամ մեկ տարի` նույն մարդիկ դիմում են` ավելի մատչելի, ավելի համեստ պայմաններով բնակարան [վարձելու]: Այսինքն` սկսում են տնտեսել, քանի որ իրենց համար անորոշ է իրենց ապագան: 400 դոլար, 500 դոլար. այդ բյուջեով են հետաքրքրված` 6 ամիս ժամանակով»:

Աշխուժություն է նկատվում նաեւ անշարժ գույքի գնման առումով: Այդուհանդերձ, վարձույթի պահանջարկը, ինչպես պնդում են անշարժ գույքի գործակալները, մոտ տասն անգամ ավելի բարձր է:

42-ամյա Լիզա Մուզինյանը ամուսնու եւ երկու դուստրերի հետ Հայաստան է եկել 2 ամիս առաջ` մեկ ամսից հետ վերադառնալու մտադրությամբ, եւ հարմարավետ բնակարան էին վարձել` ամսական 900 դոլարով: Հետագայում, սակայն, ստիպված էին տեղափոխվել ավելի մատչել` 350 դոլար ամսավճարով բնակարան: Լիզան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այժմ փնտրում են ավելի ցածր գնով բնակարան:

Your browser doesn’t support HTML5

Երեւանում բարձրացել են բնակարանների վարձույթի գները