Անկուսակցական թեկնածուները քաղաքակիրթ ընտրապայքար են ակնկալում

Գյումրիի քաղաքապետարանի շենքը:

Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 2 անկուսակցական թեկնածուները քաղաքակիրթ, առանց «սեւ քարոզչության» ընտրապայքար են ակնկալում:

Սեպտեմբերի 9-ին գյումրեցիները նոր քաղաքապետ պիտի ընտրեն առաջադրված 4 թեկնածուներից: Սամվել Բալասանյանը, ով ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, վայելելու է նաեւ իշխող Հանրապետական կուսակցության աջակցությունը: Հայ Յեղափոխական Դաշնակցությունն առաջադրել է Շիրակի մարզպետարանի աշխատակից Հովսեփ Սիմոնյանը թեկնածությունը: Մյուս երկու թեկնածուներն անկուսակցական են:

Սպարտակ Պետրոսյանը խորհրդային տարիներին Լենինական քաղաքի Շիրակի շրջանի կուսկազմակերպության քարտուղարն է եղել: Նա Հայաստան է վերադարձել մի քանի տարի առաջ, իսկ մինչ այդ ընտանիքով բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ քաղաքական ապաստան էր ստացել: Նրա ընտանիքը այժմ էլ ապրում է Միացյալ Նահանգներում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Պետրոսյանը չհերքեց դա` պարզաբանելով. - «Եղել եմ Ազգային ժողովի պատգամավոր 1990-95 թվականները, աշխատել եմ քաղաքապետի տեղակալ եւ այլն: Եվ բավականին պրոբլեմներ եմ ունեցել այդ տարիների ընթացքում: Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ստիպված եմ եղել մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ»:

Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել, որպեսզի իր «ակտիվ մասնակցությունը ցուցաբերի քաղաքի վերականգնման աշխատանքներին»:

Սպարտակ Պետրոսյանը հերքեց, թե իրեն գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է համոզել առաջադրվել. - «Ես իմ էությամբ անկախ անձնավորություն եմ»:

Նա նշեց, որ իր բոլոր 3 մրցակիցները «կարող ուժեր են». - «Ես գտնում եմ, որ քաղաքակիրթ ընտրություններ պետք է կարողանանք անցկացնել»:

Մյուս անկուսակցական թեկնածուն` գործարար Անդրանիկ Ավետիսյանը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, թե ինքը չի կարող լինել «որեւիցե մեկի մարդը»:

Հարցին, թե ում է դիտարկում որպես իր հիմնական մրցակից, Ավետիսյանը պատասխանեց. - «Բոլորին էլ հարգում եմ, բայց քանի որ իր թիկունքին կանգնած են երկու հզոր կուսակցություն, այդ առումով տեսնում եմ Սամվել Բալասանյանին»:

Նա նույնպես շեշտեց, որ ակնկալում է քաղաքակիրթ, առանց «սեւ քարոզչության» ընտրապայքար:

Your browser doesn’t support HTML5

Անկուսակցական թեկնածուները քաղաքակիրթ ընտրապայքար են ակնկալում