Էկվադորը ապաստան է շնորհել Ջուլիան Ասանժին

Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինո, 16 օգոստոսի, 2012

Մայրաքաղաք Կիոտոյում արտգործնախարար Ռիկարդո Պատինոն ասել է, որ ապաստանը շնորհվում է Wikileaks-ի հիմնադրի անվտանգությունը եւ իրավունքները երաշխավորելու համար։
«Հավատարիմ մնալով իր տարածքում կամ իր դիվանագիտական առաքելությունների տարածքում պաշտպանություն հայցողներին աջակցելու սկզբունքին` Էկվադորի կառավարությունը որոշել է դիվանագիտական ապաստան տրամադրել», - ասել է Պատինոն։

Շվեդիան Մեծ Բրիտանիայից պահանջել է հանձնել Ասանժին, ով Շվեդիայում մեղադրվում է երկու կանանց հանդեպ սեռական բնույթի ոտնձգությունների մեջ։

Ասանժը հերքում է մեղադրանքն ու պնդում, որ դրա բուն նպատակն է իրեն հետագայում Շվեդիայից փոխադրել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ նա մեղադրվում է շատ ավելի ծանր հոդվածով` լրտեսության, ավելի կոնկրետ, ապօրինի եղանակով Պետդեպարտամենտի հազարավոր գաղտնի գրություններ հայթայթելու եւ հրապարակելու մեջ։

Էկվադորի արտաքին գործերի նախարար Պատինոյի փոխանցմամբ, Ասանժին կարող են անարդար դատել, եւ դա կլինի քաղաքական հալածանք` խոսքի ազատության սկզբունքը պաշտպանելու համար։

Նախարարի խոսքերով, բրիտանացիները սպառնացել են հարկ եղած դեպքում գրոհի ենթարկել դեսպանատունը, եթե Էկվադորը չհանձնի Ասանժին։

«Վիեննայի 1961 եւ 1963 թվականների կոնվենցիաներով կառավարությունները պարտավոր են երաշխավորել իրենց տարածքում գործող դիվանագիտական առաքելությունների անձեռնմխելիությունը», - հիշեցրել է նախարարը։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ գրոհի մասին տեղեկությունն իրականության չի համապատասխանում` հավելելով, որ Էկվադորի դեսպանատան որոշմամբ ոչինչ չի փոխվել, եւ Լոնդոնը պարտավոր է Ասանժին փոխանցել Շվեդիայի իրավապահներին։

Ստոքհոլմը հավատացնում է, որ Ասանժին ամերիկացիներին փոխանցելու ծրագրի գոյություն չունի։

Ինքն Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ասել է, թե Էկվադորի որոշումը նշանակալից հաղթանակ է ե'ւ իր ե'ւ Wikileaks-ի համար։