Սիրիա ներխուժման թուրքական պլանը պատրաստ է

Թուրքական զորամիավորումը Թուրիքայի եւ Սիրիայի սահմանին, 30 հուլիսի, 2012

Թուրքական իշխանություններ արդեն իսկ ավարտել են Սիրիայի տարածքում «Անվտանգության անկլավների» ստեղծմանն ուղղված գործողությունների պլանի մշակումը: Այս մասին հաղորդում է թուրքական Zaman պարբերականը` մանրամասնելով, որ այս թեման Անկարայի իշխանական կուլսիներում այսօր թերեւս ամենաշատ քննարկվող խնդիրն է:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, երկուշաբթի օրը վարչապետ Էրդողանը ընդլայնված մի խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ուժային կառույցների եւ հետախուզության ղեկավարները, արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաեւ Սիրիային սահմանակից բոլոր թուրքական շրջանների նահանգապետերը: Թուրքական իշխանություններն, ըստ պարբերականի, որոշել են, որ միայն սիրիացի փախստականների զանգվածային հոսքը դեպի Թուրքիա կդառնա այն նախապայմանը, որ կստիպի Անկարային միջամտել ներսիրիական հակամարտությանը` «անվտանգության գոտիներ» ստեղծելով:

«Թուրքիան նման բուֆերային գոտիների ստեղծման փորձ արդեն իսկ ունի: 20 տարի առաջ թուրքական բանակը նման գոտի ստեղծեց Իրաքի հետ սահմանին` քուրդ զինյալների մուտքը երկիր կանխելու համար», - հիշեցնում է Zaman-ը:

Թուրքական մամուլը մատնանշում է նաեւ այն հնարավոր շրջանները, որոնցում կարող են տեղակայվել թուրքական զորքերը: «Անվտանգության գոտիներ» կարող են ստեղծվել Հալեպից հյուսիս` Ազազի շրջանում եւ Բաշար Ասադի կողմնակիցների միջնաբերդ համարվող Լաթաքիայից ոչ հեռու` Իդլիբ գավառում: Մյուս կողմից, սակայն, ըստ թուրքական փորձագիտական շրջանակների, Թուրքիան կխուսափի զորամիավորումներ տեղակայել Սիրիայի քրդաբնակ շրջաններում` գերադասելով գործողությունները ծավալել այն գավառներում, որտեղ բնակչության մեծամասնությունն ապստամբներին է պաշտպանում եւ Թուրքիայի նկատմամբ բավական դրական է տրամադրված:

«Ընդհանուր առմամբ թուրքական զորքերը միջամտության դեպքում Սիրայի տարածքում կխորանան 5-25 կիլոմետր», - նշել է Անկարայում գործող Մերձավորարեւելյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Օյթուն Օրհանը` հավելելով. - «Ամեն դեպքում պետք չէ մոռանալ, որ «անվտանգության գոտիների» ստեղծումը ի վերջո կարող է հանգեցնել պետությունների միջեւ բախման, չի բացառվում անգամ տարածաշրջանային պատերազմի»:

Վերլուծաբանի խոսքով` Թուրքիան նման քայլի դիմելուց առաջ պետք է մի շարք կարեւորագույն գործոններ ծանրութեթեւ անի եւ նոր միայն որոշում կայացնի:

«Պետք է հաշվի առնել այդ շրջանների բնակչության կրոնական ու ազգային պատկերը, բնակիչների ապստամբելու կարողությունն, ինչպես նաեւ նրանց վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ», - նշել է Օրհանը:

Այս օրերին ակտիվորեն քննարկվող մյուս թեման Սիրիայի տարածքում թռիչքազերծ գոտիներ ստեղծելու անհրաժեշտությունն է, որը հնարավորություն կտա Սիրիական ազատ բանակին զերծ պահել կառավարական ուժերի օդային հարվածներից: Հիշեցնենք, երկուշաբթի օրը արեւմտյան պետություններին նման կոչով էր դիմել սիրիական ընդդիմությունը: Սակայն Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը Լեոն Փանեթան բացառել է այդ հեռանկարի իրագործումը տեսանելի ապագայում:

«Թռիչքազերծ գոտիների ստեղծումը մեր առաջնահերթությունների թվին չի դասվում», - ըստ Associated Press գործակալության` նշել է Փանեթան` ընդգծելով. - «Միացյալ Նահագներն ի վիճակի են հաջողությամբ թռիչքազերծ գոտի ստեղծել Սիրիայում: Սակայն դա լուրջ, շատ լուրջ քաղաքական որոշում է պահանջում, որը դեռ չի կայացվել»: